Ինչպես Ալթայից սառեցվեց Սյունիքի ամերիկյան մոդելը. Փաշինյանին ռուսների դեմ խոսել կարելի է, գործել՝ ոչ

2025 թվականի ամառը Հայաստանի քաղաքական կյանքի մեջ կմնա որպես ոչ պակաս շրջադարձային, քան Հայաստանի միացումը Մաքսային միությանը։ 

Հիշեցնենք, որ 2013 թվականին Սերժ Սարգսյանը, տարիներով բանակցելով ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ, հանկարծ անսպասելիորեն մեկնեց Մոսկվա և այնտեղից հայտարարեց, որ Հայաստանը միանում է Մաքսային միությանը՝ փաստացի խաբելով եվրոպացի գործընկերներին և եվրաինտեգրումը փոխելով Ռուսաստանի հետ:

Այժմ նույն սցենարն է. արդեն երկար ժամանակ է՝ Հայաստանի հանրությանը տարբեր դիվանագիտական և քաղաքական ուղիներով նախապատրաստում էին ամերիկյան մոդելով Սյունիքի ճանապարհների վերահսկողությանը կամ, եթե կուզեք՝ արտապատվիրակման հնարավոր փոխանցմանը:

Ամերիկյան մոդելի վերաբերյալ առաջին ազդակները տրվեցին վարչապետի Թուրքիա այցից հետո, որտեղ նա հանդիպեց Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, այնուհետև Աբու Դաբիում հինգժամյա փակ հանդիպում ունեցավ Ալիևի հետ։ Հենց այդ օրերին Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հրապարակավ հայտարարեց, որ Հայաստանը տեսականորեն կարող է քննարկել Սյունիքի ճանապարհների արտապատվիրակումը երրորդ կողմին, այդ թվում՝ ամերիկյան ընկերությանը փոխանցելու հնարավորությունը։

Դրան զուգահեռ մի շարք ազդեցիկ կենտրոններ, ներառյալ՝ Carnegie-ն, սկսեցին շրջանառել մոդելներ, ըստ որոնց՝ ամերիկյան չեզոք օպերատորը կարող է վերահսկել Սյունիքի միջանցքը։ Հայաստանի ղեկավարությունն այս ամենը չմերժեց, այլ հակառակը՝ ջանքեր գործադրեց ներքին լսարանին բացատրելու, թե այդ մոդելը ինչպես կարող է «արդյունավետ» լինել։

Հայաստան վերադառնալով՝ Նիկոլ Փաշինյանն անցավ ամերիկյան մոդելի բաց քարոզչությանը՝ մի քանի ժամանոց մամուլի ասուլիսում մանրամասն ներկայացնելով ամերիկյան մոդելի հնարավորությունները՝ խոսելով մեխանիզմների ճկունության, չեզոքության, վստահության և փոխշահավետության մասին։ Որևէ փուլում չհնչեց հստակ մերժում։

Եվ երբ թվում էր, որ ամերիկյան մոդելի ուղղությամբ քաղաքական նախապատրաստումն ավարտական փուլում է, տեղի ունեցավ անսպասելին՝ Փաշինյանի մամուլի քարտուղարը հայտարարեց, որ վարչապետը գնում է Ռուսաստանի Ալթայի Հանրապետություն՝ մասնակցելու ԱՊՀ ձևաչափով անցկացվող ինչ-որ անհասկանալի միջազգային բնապահպանական համաժողովի, որտեղ, ընդ որում, նա միակ երկրի ղեկավարն էր:

Ալթայ մեկնելուց ժամեր անց ՔՊ ներկայացուցիչ Արման Եղոյանը Factor TV-ի եթերում հայտարարեց, որ թեև ճանապարհի վարձակալության գաղափար ամերիկացիներն ունեին, բայց մեզ համար ընդունելի չի եղել։ 

«Նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ, ոչ թե ֆունկցիայի իրականացումից ենք վտանգ տեսել, այլ հենց վարձակալությունից։ Այդ տարբերակը մեզ համար ընդունելի չի եղել։ Մտքերի փոխանակում է եղել ամերիկացիների հետ, թեման այդ ուղղությամբ չի շարունակվում, եթե ասել ենք չէ, ուրեմն չէ» – ասաց Եղոյանը։

Ոչ մի ողջամիտ բացատրություն չկա, թե ինչպես է հնարավոր, որ այն մոդելը, որն իշխանությունը բացահայտ պաշտպանում էր, դեռ ավելին՝ վարչապետը ժամերով մանրամասն ներկայացնում էր առավելությունները, համեմատություններ բերում օդանավակայանի ու երկաթգծի գործող օպերատորների հետ, հանկարծ մեկ օրում մերժվի՝ առանց որևէ նոր իրողությունների առաջացման: Թերևս բոլորի համար էլ ակնհայտ է, որ միակ փոփոխությունն այն էր, որ Փաշինյանը, թեկուզ ակնհայտորեն առանց մեծ ցանկության, մեկնեց Ռուսաստան… 

Ամերիկյան մոդելի մերժումը հնչեց Ալթայից ժամեր անց, և միակ քաղաքականապես տրամաբանական եզրակացությունն այն է, որ մերժումը կայացվել էր ոչ թե Երևանում, այլ՝ Ալթայում։

Փաշինյանին, պարզվում է, թույլատրվում է որքան ուզենա քննադատել Ռուսաստանին, դժգոհել ՀԱՊԿ-ից, Հայաստանի քաղաքացիներին վախեցնել գուբերնիա դառնալու ու ինքնիշխանությունը կորցնելու ռիսկերով, ամեն պատեհ առիթով հայտարարել, թե վերջապես մենք ինքնիշխան ենք, մենք ենք որոշում մեր ճակատագիրը, երբեք այսքան անկախ չենք եղել, բացահայտ քննադատել ռուսներին պարտավորությունները չկատարելու մասով, բայց հենց փորձի որևէ իրական գործողություն անել, որը վտանգում է Ռուսաստանի ռազմավարական շահերը, օրինակ՝ Սյունիքի ճանապարհների վերահսկողության հարցում այլ մոդել դիտարկել, անմիջապես գործի են դրվում կուլիսային լծակներն ու ազդեցության մեխանիզմները, և պարզվում է, որ մենք այնքան էլ ինքնիշխան չենք։

Ու մինչ մնացած բոլոր այցերի ընթացքում՝ Բրյուսելում, Փարիզում, Աբու Դաբիում կամ Ստամբուլում, Նիկոլ Փաշինյանը հանդիպում է այդ երկրների առաջին դեմքերի հետ, ապա Ալթայում նույնիսկ առանց Պուտինի հետ հանդիպման կատարում է այն, ինչ սպասում է Կրեմլը։ Եվ դա ավելի ճշգրիտ է ցույց տալիս, թե որտեղ են իրականում կայացվում որոշումները։

Սա վկայում է ոչ թե արտաքին քաղաքական ճկունության, այլ՝ որոշումների կայացման իրական կենտրոնների մասին։ Երբ երկրի ղեկավարի դիրքորոշումը կարող է կտրուկ փոխվել մեկ այցի ընթացքում, նման շրջադարձերը շարունակվելու են՝ Ստամբուլից, Փարիզից, Աբու Դաբիից, Ալթայից, բայց ոչ Երևանից։

Մարի Ներսեսյան

MediaLab.am