Ինչո՞ւ են աղմկում պատգամավորների օգնականները

Ազգային ժողովի հիմնականում իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օգնականները օրերս Ազգային ժողովի աշխատակազմ կոլեկտիվ դիմում են ներկայացրել՝ պարգևավճար ստանալու պահանջով: Սակայն աշխատակազմի ղեկավարի կողմից մերժում են ստացել՝ փող չկա պատճառաբանությամբ:

Պատգամավորների օգնականների ընդվզման պատճառն այն է, որ խորհրդարանում աշխատող պետական ծառայողները այս հունվարից ստանալու են բարձր աշխատավարձ, քանի որ օրենքով ավելացել է նվազագույն աշխատավարձը, դրան հավելյալ՝ կիսամյակային պարգևատրումները:

Նաև տարածվել էր տեղեկություն, թե մերժումն ստանալուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստ է հրավիրել և պահանջել Նարիբեկյանին հեռացնել ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Ինքը՝ Վահան Նարիբեկյանը, Փարիզում գործուղման էր, և նրա հետ խոսել չհաջողվեց:

«Ամեն տարի էս շրջանում պարգևավճար են ստացել, և, հավանաբար, այս տարի էլ  ծախսեր են պլանավորել, ու հիմա փող չկա, չեն ստանում պարգևավճար: Այդ պահանջով կոլեկտիվ դիմում է եղել, որը մերժվել է ֆինանսների բացակայության հիմքով»,- իրավիճակը «Մեդիալաբին» ներկայացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Պտգամավորն ասում է՝ չի կարող իմանալ, թե որ պատգամավորի օգնականն ինչքան է աշխատում, բայց իր օգնականի համար կարող է ասել, որ նա շատ է աշխատում, ու նրա «մաքուր» աշխատավարձը կազմում է 130-140 հազար դրամ:

«Խտրական մոտեցում չպետք է լինի»,- աշխատավարձերի բաշխման մասին ասում է պատգամավորը:

Ինչ վերաբերում է տարածված տեղեկություններին, թե պարգևավճար չտրամադրելու հիմքով պահանջ է ներկայացվել հեռացնել ԱԺ աշխատակազմի ղեկավարին, Աղազարյանը հերքեց դրանք. «Բացարձակապես նման բան չկա: Խմբակցության նիստում չի հնչել առաջարկություն ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնավարումը դադարեցնելու մասին: Չի եղել նման բան: Ես ուղղակի երաշխավորում եմ, որ նիստում նման բան չի քննարկվել»:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասում է՝ տեղյակ չէ՝ արդյոք իրենց խմբակցության անդամ պատգամավորների օգնականները և՞ս նման պահանջ են առաջ քաշում: Բայց այս պահին իրենց հետաքրքրում է միայն երկրի վիճակը: «Ինձ պարգևատրումները հետաքրքիր չեն, ինձ իմ երկրի ճակատագիրն է հետաքրքիր»,- «Մեդիալաբի»  հարցին ի պատասխան ասում է Ավետիսյանը:

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը բացատրում է՝ պատգամավորի վճարովի հիմունքներով աշխատող օգնականը հանրային ծառայող է, և նրա վրա տարածվում են հանրային ծառայողին վերաբերող սահմանափակումները:

Իսկ « ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի կարգավորումներով ԱԺ պատգամավորի օգնականը պետական ծառայող չէ:

««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կիսամյակային պարգևատրումները վերաբերում են պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց: Իսկ դա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք չեն ընդգրկվում այդ կատեգորիայի մեջ, չեն կարող ստանալ այդ պարգևավճարը: Բայց եթե պետական մարմինը տարվա կտրվածքով ունի խնայողություններ, ապա կարող է իր հայեցողությամբ որոշել գումարների ծախսման եղանակը»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ներկայացնում է Տիգրանյանը:

Օրենքով սահմանված իրենց կարգավիճակից ելնելով՝ պետական բյուջեից պարգևավճար ստանալու իրավունք, ըստ Հերիքնազ Տիգրանյանի, հանրային ծառայողները չունեն, սակայն տարվա կտրվածքով մի քանի անգամ խնայողությունների հաշվին աշխատավարձի ֆոնդից նրանց պարգևավճար հատկացվել է:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր պատգամավոր ինքն է գնահատում, թե իր օգնականն ինչքան է աշխատում՝ շատ, քիչ, գերծանրաբեռնվա՞ծ, թե՞ միջին ծանրաբեռնված:

Հարցին, թե ինչո՞ւ են պարգևավճար ստանալու մասին բարձրաձայնում իշխանական խմբակցության պատգամավորների օգնականները, Տիգրանյանն արձագանքում է. «Հավանաբար նրանք ավելի կազմակերպված են, միմյանց հետ ինֆորմացիան ավելի արագ են փոխանակում, միշտ Ազգային ժողովում են, գիտեն ու տեղյակ են ամեն ինչից: Դրա մեջ որևէ քաղաքական տարր չկա»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am