Երեք վարկած է պտտվում Թիֆլիսի հուլիսի 20-ի ծեծկռտուքի մասին. Լեւոն Բարսեղյան

Երեք վարկած է պտտվում Թիֆլիսի հուլիսի 20-ի ծեծկռտուքի մասին. Լեւոն Բարսեղյան
Երեք վարկած է պտտվում Թիֆլիսի հուլիսի 20-ի ծեծկռտուքի մասին. Լեւոն Բարսեղյան

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն անդրադարձել է Թբիլիսիի հայկական եկեղեցում կատարվածին` նշելով, որ ծեծկռուքի պատճառների շուրջ երեք վարկած է շրջանառվում: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

1. Կենցաղային, հարեւանի կռիվ, որ վաղուց կուտակված բան է, պարբերաբար ժայթքել է, հարեւանուհին ծանոթ-խարոշի-մարոշի-քրեական հավաքել, քսի է տվել եկեղեցու սպասավորների եւ աշխատակիցների վրա, որովհետեւ ավտոյի ճամփա չեն թողել կամ նեղ ճամփա են թողել իրեն անցնելու։ Սա են պնդում Թիֆլիսի այն խմբերը, նաեւ մտավորականների մի մասը, թե, սա սովորական քրեական գործ է։

2. Առաջին տարբերակը՝ Վրաց ուղղափառ եկեղեցու ինչ-ինչ թեւի հրահրմամբ, կամ աջակցմամբ։ 11 ամիս առաջ էլ նույն եկեղեցում վանդալիստական ակտ էր եղել, հայտնի է Վրաց եկեղեցու եւ մոլեռանդ հավատացելոց բացասական վերաբերմունքը հայկական եկեղեցիների, ունեցվածքի վերադարձի հանդեպ, եւ թիֆլիսահայության մի մասը հակված է միջադեպը տեսնել այս համատեքստում. հրահրվել է կամ աջակցվել Վրաց եկեղեցու ծայրահեղականների կողմից։ CRRC-ի հետազոտմամբ, 2011-ով Վրաց ուղղափառ եկեղեցու ազդեցությունը հանրության վրա մոտ 57% էր, ՀԱԵ ազդեցությունը՝ մոտ 15%:

3. Ռուսական հետք. Ռուսիան ամենուր իր ունեցած գործակալներով փորձում է, ու էլի կփորձի նման միջադեպեր ու բախումներ հրահրել Վրաստանում, կամ զարգացնել այսպիսի բախումներ, օգտվել դրանցից, հատկապես՝ վրաց-հայկական, վրաց-ադրբեջանական եւ այլն, որ «Վրաստանը լրիվ ձեռից չգնա…» մոտավորապես։ Այս վարկածին են հակված եւ հայ, եւ վրաց մտավորականության մի մասը։

Մի թեթեւ խոսվող ադրբեջանական հետքի վարկածն ինձ անհավանական է թվում, բայց չի բացառվում, Հավլաբարում երեւի մի 10 ազգություն է ապրում, այս կիսավարկածով, եթե անգամ ադրբեջանցի կա խառնված գլխավոր դերակատարների թվում, գուցե հրահրված լինի վերը բերված վարկածներից ցանկացածով։

Շատ կարեւոր եմ համարում երկու հանգամանք.

1. Ոստիկանությունը պիտի պատշաճ եւ շատ արագ քննի գործը, եւ լավ է, որ մի քանի խցիկներից տեսագրություններ կան պահպանված, մանրամասն տեսագրություններով։ Սբ.Էջմիածին եկեղեցուն կից «Հայարտուն» կենտրոնի աշխատակիցների ասելով, իրենք հրապարակելու են տեսագրությունից հատվածներ։ Սակայն կարծում եմ, որ այդ տեսագրության ինչ-ինչ հատվածների հրապարակումը կարող է բորբոքել կրքերը։ Կարեւորը՝ ոստիկանությունը կամենա եւ կարողանա հանգամանալից եւ արագ բացահայտել այս գործը։

2. Կարծում եմ, առաջարկում եմ եւ խնդրում եմ բոլորին, ջանացեք վրացիներին, վրաց ազգին ամբողջությամբ այս միջադեպով չանվանարկել զանազան ստորացուցիչ ածականներով եւ բնութագրերով, որեւէ օգուտ դրանից չկա։ Ասածս միայն քաղաքական ենթատեքստ չունի, համոզված եմ, որ ազգերին անվանարկելը սխալ է, զանազան հանգամանքներում, քաղաքական, սոցիալական, մշակութային, ճգնաժամային եւ այլ իրադրություններում, ում հետ ասես նման բան կարող է պատահել, հրահրվել, թելադրվել, ուղղորդվել։ Մանավանդ, դեռ չկան հիմքեր պնդելու, թե եղածը մաքուր վրացական էթնիկ հարձակում է հայկական էթնիկ խմբի կամ եկեղեցու վրա։ Ջանացեք զսպել վրաց ազգի հասցեին նետվող վիրավորանքները։ Գիտեմ, որ շատերը չեն ընդունի այս հորդորը, բայց ես իմ հասկացածն ասացի։

© Medialab.am