Պետությունը չի կարող լուծել ընտանեկան բռնության խնդիրը՝ աչք փակելով դրա վրա. Զարուհի Բաթոյան

Պետությունը չի կարող լուծել ընտանեկան բռնության խնդիրը՝ աչք փակելով դրա վրա. Զարուհի Բաթոյան
Պետությունը չի կարող լուծել ընտանեկան բռնության խնդիրը՝ աչք փակելով դրա վրա. Զարուհի Բաթոյան

«Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց աջակցության և խնդիրների լուծման ուղղությամբ մեծածավալ աշխատանքի կարիք կա»,- այս մասին Երևանում մեկնարկած «Ընտանեկան բռնության կանխարգելումը Հայաստանում․ մարտահրավերներ և հնարավորություններ» ազգային համաժողովի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ պաշտոնական հաղորդգարության համաձայն:

«Այս իմաստով շատ կարևոր է բոլոր գործընկերների համագործակցությունը, առաջին հերթին՝ միջգերատեսչական համագործակցությունը, քանի որ սա չի կարող լինել միայն մեկ պետական կառույցի խնդիր: Չկա մի երկիր, չկա հասարակություն, որտեղ նման խնդիր չլինի: Ընտանեկան բռնությունը խնդիր է բոլոր հասարակությունների համար: Պետությունը չի կարող լուծել այս խնդիրը՝ աչք փակելով դրա վրա»,- նշել է Բաթոյանը:  

Ըստ նախարարի՝  կարևոր է նաև պետական աջակցության ավելացումը՝ բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրման,  ինչպես նաև՝ կանխարգելման ծրագրերի իրականացման առումով: Զ. Բաթոյանը նշել է, որ շատ կարևոր են օրենսդրական ոլորտի բարեփոխումները, որոնք պետք է լինեն միջազգային ստանդարտներին և ՀՀ սահմանադրությանը համապատասխան. «Շատ կարևոր է մարտահրավերները ճիշտ նշելը, դրանք հատկորոշելը: Մեզ համար շատ կարևոր է երջանիկ անհատ, ընտանիք և համերաշխ հանրություն ունենալը, որովհետև այլ կերպ մենք չենք կարող նպաստել երկրի զարգացմանն ուղղված միջոցառումներին և ծրագրերին»:

Համաժողովը, որ կազմակերպվել էր Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակներում, նվիրված էր Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի իրավական հայեցակարգին և «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի ընդունումից հետո  դրա կիրարկման ընթացքում առաջացած խնդիրներին և բացերին, ինչպես նաև՝ օրենքի լրամշակման անհրաժեշտությանը.

«Շատ կարևոր է ստեղծել լավ համակարգված պետական ֆինանսավորվող համակարգ, որի հիմնական նպատակը կլինի զոհերին տրամադրել բազմակողմանի և երկարաժամկետ մասնագիտական աջակցություն»,- այս մասին համաժողովի բացման խոսքում ասել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ավելացրել, որ ԵՄ-ն բարձր է գնահատում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանեկան (գենդերային) բռնության դեմ պայքարի առանձին ռազմավարություն/գործողությունների ծրագիր մշակելու մտադրությունը: 

Նշենք, որ փետրվար ամսից գործող պետական 6 ճգնաժամանային կենտրոնները մինչ օրս աջակցություն են ցուցաբերել ընտանեկան բռնության 180 դեպքով, որոնցից միայն 2-ն է ուղղորդվել մարզպետարանների համապատասխան բաժինների կողմից, մյուսները՝ ոստիկանության:  Եռամսյա վիճակագրությունը ցույց է տալիս, որ աջակցության զգալի մասը ցուցաբերվել է ֆիզիկական բռնության դեպքերով, միայն մեկ դեպք է եղել անտեսման հիմքով, ինչը հուշում է, որ պետք է առավել զգայուն լինել ընտանեկան բռնության մյուս ձևերի նկատմամբ։

Հիշեցնենք, որ համաժողովը կազմակերպվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հետ համագործակցությամբ։