ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ Արցախի հայկական սրբավայրերի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների մասին

ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխատում է Լեռնային Ղարաբաղ անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելու ուղղությամբ: Այդ մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի գրասենյակից՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության՝ 2020 թ. պատերազմից հետո ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության շարունակական պղծման, ձևախեղման և ոչնչացման դեպքերի մասին ահազանգերին:

Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունում հույս ունեն, որ փաստահավաք առաքելությունը այդ խնդրի կապակցությամբ հնարավոր կլինի կյանքի կոչել մոտ ժամանակներում:

«Մենք շարունակում ենք աշխատել 1954 թ. Հաագայի  կոնվենցիայի շրջանակներում Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելու ուղղությամբ: Հույս ունենք, որ դա հնարավոր կլինի շուտով, բայց տվյալ պահին դրա համար անհրաժեշտ պայմաններ չկան: Ուստի քննարկումները դեռ շարունակվում են», – «Արմենպրես»-ին փոխանցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի գրասենյակի աշխատակից Թոմաս Մալարդը:

Հայկական ավերված և պղծված հուշարձանը Թալիշում

Պատասխանելով հարցին, թե նկատի ունենալով «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Հաագայի դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի վճիռը հրատապ միջոցներ կիրառելու մասին՝ ինչպե՞ս է կազմակերպությունը գնահատում Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կառավարության գործողությունները, այդ թվում վերջերս արված հայտարարությունը, թե Ադրբեջանում ձևավորվել է «մասնագետների» աշխատանքային խումբ, որը իբրև թե «աղվանական եկեղեցիներից» ջնջելու է հայկական գրություններն ու այլ հետքերը, և թե արդյոք պատմության ադրբեջանական մեկնաբանությունը կարո՞ղ է արդարացում լինել կրոնական և այլ հուշակոթողներից հայկական պատմական գրություններն ու այլ հետքերը վերացնելու համար, ՅՈՒՆԵՍԿՕ-ն շեշտել է, որ պատմամշակութային ժառանգությունը չպետք է դառնա գործիք քաղաքական նպատակների համար:

«Մշակութային ժառանգությունը և պատմությունը չպետք է դառնան գործիք քաղաքական որևէ նպատակի համար: Մենք կոչ ենք անում մեր բոլոր անդամ պետություններին ամբողջ աշխարհով մեկ հարգել այս սկզբունքը», – հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն:

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին՝ Ադրբեջանի ռմբակոծություններից հետո

Փետրվարի 3-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին, թե Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել է, որ Ադրբեջանում ձևավորվել է «տեղի և արտերկրյա մասնագետներից» կազմված «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի նպատակն է այսպես կոչված «աղվանական տաճարներից» հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտեց հատուկ հանձնաժողով ստեղծելու Ադրբեջանի որոշումը՝ շեշտելով, որ դա ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման մասին 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշման կոպիտ խախտում է: Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Ադրբեջանի քաղաքականությունը որակեց որպես մշակութային ցեղասպանություն:

Ղազանչեցոցը՝ ձևախեղումներից հետո

2021 թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել էր «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի համատեքստում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում Հայաստանի Հանրապետության ներկայացրած հայցի հիման վրա հրատապ միջոցներ կիրառելու մասին որոշումը՝ ի թիվս այլ հարցերի պարտավորեցնելով Ադրբեջանի Հանրապետությանը «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նույնպես խստորեն դատապարտեց Ադրբեջանի մշակույթի նախարարի հայտարարությունը՝ նշելով, որ դա ոչ միայն բացահայտ մարտահրավեր է Հաագայի դատարանի որոշմանը, այլև հակասում է հաշտության հասնելու Ադրբեջանի հայտարարություններին և լուրջ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար: Ստեղծված իրավիճակում պաշտոնական Երևանը առաջնահերթ և հրատապ խնդիր է համարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի կողմից առաջարկված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության իրականացումը՝ «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին համահունչ:

2020 թվականին Արցախի Հանրապետության դեմ նախաձեռնված 44-օրյա լայնածավալ ռազմական ագրեսիայից հետո Ադրբեջանի իշխանությունները հետևողական քայլեր են ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնելու և առհասարակ պատմական Արցախից հայկական հետքը վերացնելու ուղղությամբ: Վերջին մեկուկես տարվա ընթացքում արդեն բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր, հուշարձաններ պատմական ու մշակութային կոթողներ են հիմնովին ոչնչացվել, պղծվել, ձևախեղվել՝ սկսած Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարից՝ մինչև այլ տարբեր սրբավայրեր և հուշակոթողներ: Մշակութային այդ հանցագործությունների և վանդալիզմի դեպքերից շատերը արձանագրված են war.karabakhrecords.info հարթակում:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում