Իրավիճակի կայունացումը ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաջնահերթություններից է. Սերգեյ Լավրով

Լեռնային Ղարաբաղում իրադրության կայունացումը ռուս խաղաղապահների առաջնահերթություններից է, և այդ առումով արդեն կան որոշակի արդյունքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Երևանում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո ասաց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հայաստանյան լրատվամիջոցի այն հարցին, թե ի՞նչ են անում Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը Արցախի Հանրապետության Փառուխ գյուղն օկուպացրած ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելու համար:

Հայ լրագրողն իր հարցում շեշտեց, որ ադրբեջանական կողմի այդ գործողությունների պատճառով Արցախի նշված բնակավայրի ավելի քան 400 խաղաղ բնակիչներ չեն կարողանում վերադառնալ իրենց հարազատ տները:

«Ինչ վերաբերում է իրավիճակին, ապա այն ռուս զինվորականների առաջնահերթություններից մեկն է, և մեր հայ ընկերները շատ լավ տեղեկացված են այդ մասին: Այնտեղ արդեն կան որոշակի արդյունքներ գետնի վրա լարվածության թուլացման առումով, և մեզ մոտ կա այն ըմբռնումը, որ այդ հարցերը դիտարկվելու և անպայման լուծվելու են սահմանազատման մեկնարկող առարկայական աշխատանքների շրջանակներում», – պատասխանեց Սերգեյ Լավրովը:

2022 թ. մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել էին Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Ադրբեջանական ուժերի ռազմավարական նպատակը մոտակա Քարագլուխ գյուղի գերիշխող բարձունքը գրավելն էր, սակայն Արցախի Պաշտպանության բանակի կատաղի դիմադրության և ռուս խաղաղապահների գործադրած ջանքերի շնորհիվ հաջողվեց կանգնեցնել ադրբեջանական զորքերի առաջխաղացումը:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին աշխատանքային այցով ժամանել է Երևան: Հունիսի 9-ին նա հանդիպում է ունեցել իր հայ պաշտոնակցի՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո կողմերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: Նույն օրը Սերգեյ Լավրովին ընդունելու են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Իսկ հունիսի 10-ին ՌԴ արտգործնախարարն իր գործընկերների հետ միասին Երևանում մասնակցելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին: