Տարհանված կանայք ու երեխաները դեռ Խրամորթ չեն վերադարձել, թեեւ գյուղում անհամեմատ հանգիստ է. Խրամորթի գյուղապետ

Արցախի սահմանամերձ Խրամորթ գյուղից երեք օր առաջ տարհանված կանայք և երեխաները դեռ գյուղ չեն վերադարձել, բայց պատրաստվում են՝ վստահեցնում է գյուղի ղեկավարը:

«Դեռ չեն եկել, բայց պատրաստվում են շուտով վերադառնալ, սպասում են, որ ամեն բան խաղաղվի, հետ գան»,- «Մեդիալաբին» ասում է Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ից սկսած՝ սահմանամերձ Խրամորթ գյուղը հայտնվել էր թշնամու թիրախում. Նախ բարձրախոսով հնչեցվող ձայնագրություններով հորդորում էին բնակիչներին լքել գյուղը, այնուհետև սկսեցին 6 մմ տրամաչափի ականանետներով կրակ բացել գյուղի վարելահողերի ուղղությամբ։

Զորիկ Աբրահամյանի խոսքով՝ հիմա գյուղում վիճակն անհամեմատ հանգիստ է, չկան կրակոցներ, չեն հնչում ձայնագրություններ:

«Եկեք հստակ օր չասեմ, էլի, թե քանի օր է, որ վիճակը հանդարտվել է, բայց վստահեցնում եմ, որ հիմա նորմալ վիճակ է, Խրամորթը հանգիստ է՝ առանց կրակոցների, առանց հրետակոծության, ամեն ինչ խաղաղ է ու հանգիստ»,- «Մեդիալաբին» ասում է գյուղի ղեկավարը:

Ինչպես ամբողջ Արցախը, այնպես էլ Խրամորթը դեռ շարունակում է զրկված մնալ գազամատակարարումից, բայց, ինչպես ասաց Զորիկ Աբրահամյանը, իրենց ասել են, որ գազատարի վերանորոգման աշխատանքները շարունակվում են, բայց թե ե՛րբ կվերականգնվի գազամատակարարումը՝ ոչ ոք հստակ չգիտի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am