ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ մինչ այժմ Ադրբեջանը որևէ հատկանիշ չի դրսևորում, որը թույլ կտար կարծել, որ առանց խաղաղապահների տարածաշրջանում հնարավոր է կայունություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գրիգորյանն ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:
«Այս պահի դրությամբ Արցախում խաղաղությունը պահպանվում է ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայության շնորհիվ։ Խաղաղապահ ուժերի` Արցախում տեղակայման ժամկետների երկարաձգման հարցը ավելի կոնկրետ հնարավոր կլինի քննարկել մանդատի ավարտին մոտ, բայց մինչ այժմ Ադրբեջանը որևէ հատկանիշ չի դրսևորում, որը թույլ կտա կարծել, որ առանց խաղաղապահների տարածաշրջանում հնարավոր է կայունություն»,- նշել է Գրիգորյանը:
Արմեն Գրիգորյանը արդյունավետ է գնահատել Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ծավալած գործունեությունը:
Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։