Խուզարկություն Վանաձորի համայնքապետարանում՝ Հակակոռուպցիոնի քրեական վարույթի շրջանակներում. «Ազատություն»

Իրավապահները խուզարկություն են իրականացրել Վանաձորի համայնքապետարանում՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։

«Ազատության» տեղեկություններով՝ իրավապահների կասկածները վերջին ամիսներին տեղի ունեցած գնումների և համայնքին պատկանող հողատարածքների վարձակալության գործընթացներին են վերաբերվում։

Կոմիտեից հաստատեցին խուզարկության փաստը՝ առանց մանրամասների։ Վանաձորի համայնքապետարանում ևս հրաժարվում են մեկնաբանություններից։

Համայնքը շուրջ մեկուկես տարի ղեկավարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշանակած ժամանակավոր պաշտոնակատարը՝ Արկադի Փելեշյանը։ Նա նշանակվեց օրենքում կատարված փոփոխություններից հետո։

Դատական գործընթացների պատճառով նորընտիր ավագանին մինչ օրս հերթական նիստեր չի գումարել ու համայնքի ղեկավար չի ընտրել։

Փելեշյանը համայնքի ղեկավարի տեղակալ է եղել նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի օրոք, որ արդեն երկու տարի կալանքի տակ է՝ կոռուպցիոն մեղադրանքով։

Համայնքի ղեկավարի ներկայիս պաշտոնակատար Արկադի Փելեշյանը իր նախկին ղեկավարի կալանավորումից հետո սկսեց համագործակցել իշխող կուսակցության հետ ու նշանակվեց ղեկավարի պաշտոնակատար։

«Քաղաքացիական պայմանագրի» անդամ, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը չի բացառել, որ առաջիկայում համայնքի ղեկավարի ընտրությունների դեպքում Փելեշյանն իրենց թեկնածուն կլինի։

«Ազատությանը» դեռևս չի հաջողվել մարզային իշխանություններից մեկնաբանություն ստանալ հարուցված քրեական վարույթի և իրավապահների կասկածների վերաբերյալ։

Նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը կալանավորվել էր 2021-ի ՏԻՄ ընտրություններից անմիջապես հետո, երբ նրա գլխավորած դաշինքն ամենաշատ թվով ձայներն ստացավ։ Այսօր ևս Վանաձորում չեն բացառվում նոր ՏԻՄ ընտրությունները։