Քոչարյանը դիմել է լոբբիստական ծառայության օգնությանը

Քոչարյանը դիմել է լոբբիստական ծառայության օգնությանը
Քոչարյանը դիմել է լոբբիստական ծառայության օգնությանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համագործակցում է բրիտանական լոբբիստական ընկերության հետ:

Այս մասին համացանցում ինֆորմացիա տարածեց medium.com կայքը՝ նշելով, որ Մակրոն-Փաշինյան հանդիպումից առաջ երկու  եվրոպական կայքեր հոդվածներ էին հրապարակել, որոնցում Քոչարյանը ներկայացվում էր որպես քաղաքական հետապնդման զոհ և կոչ էր արվում Մակրոնին՝ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել Քոչարյանին աջակցելու հարցը:

Հոդվածների հեղինակը  բրիտանացի Մայքլ Բերելն է, ով եղել է APCO Worldwide լոբբիստական գործակալության փոխնախագահ այն ժամանակ, երբ գործակալությունը աջացկում էր ԱՄՆ-ում Ադրբեջանի շահերի ներկայացմանը` Ադրբեջանի տրանսպորտի նախկին նախարարի միլիարդատեր որդու կողմից ֆինանսավորվող հիմնադրամի միջոցով:

Հաջորդ հատվածում հոդվածագիրը ներկայացնում է լրագրող Գրիգոր Աթանեսյանի էլեկտրոնային հասցեին ուղարկված նամակները: Բերելի երկու օգնականները  լրագրողին հասցեագրված նամակում ուղղակիորեն նշում են, որ համագործակցում են Մարտի 1-ի գործով Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի հետ:

Հոդվածում նշվում է նաև, որ ներկայումս Բերելը աշխատում է լոնդոնյան Eurasia Advisory ֆիրմայում, որի հաճախորդների թվում է նաև ռուսական «Գազպրոմ» ընկերությունը: Eurasia Advisory փիար (PR) գործակալությունը հիմնադրվել է Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Անդրեևի կողմից, ով  մասնավորապես ներկայացնում է ռուսաստանցի միլիարդատեր Անդրեյ Մելնիչենկոյի շահերը:

Անդրադառնալով հոդվածները հրապարակած կայքերին՝ նշվում է, որ intellinews.com կայքի գրասենյակը գտնվում է Բեռլինում, այն ունի ներկայացուցչություններ տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում, որտեղ էլ գտնվում է կայքի գլխավոր խմբագիրը:

Իսկ neweurope.eu կայքի գրասենյակը գտնվում է Բրյուսելում: Երկու կայքերն ունեն մոտ 85-100 հազար ամսական դիտելիություն, ինչից էլ լրագրողը եզրակացնում է, որ կայքը եկամուտ չի  ստանում գովազդների հաշվին՝ համեմատելով առաջատար euronews-ի կայքի հետ, որն ունի ամսական 14 մլն այցելություն:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է  սահմանադրական կարգը տապալելու և բանակը քաղաքական նպատակներով օգտագործելու համար:

Լոբբիստները  ակտիվիստներ են, ովքեր գործում են հանուն ինչ-որ  անձի կամ կազմակերպության շահերի, կամ էլ իրավիճակին իրենց ցանկացած  ելքը տալու համար: Նրանք որպես կանոն քաջատեղյակ են օրնեսդրական գործընթացներից: Ներկայումս լոբբիստների մասնագիտությունը ամենաբարձր վարձատրվող մասնագիտություններից մեկն է:

Լուսանկարները՝ medium.com կայքի

Կարինե Կիրակոսյան

Աղբյուրը՝ www.Sut.am