Իշխանության պետք է գա նա, ով վախենում է կորցնել ժողովրդին

Մհեր Արշակյան
Հեղինակ MediaLab

Նիկոլ Փաշինյանի հրաժարականին կողմ են բոլորը, որոնք ժողովուրդ չեն: Ես նկատի ունեմ հայկական էլիտան՝ կաթողիկոսները, նախկին նախագահները, օլիգարխիան, կուսակցությունները, պետական կառավարման համակարգի մի մասը և «նույնիսկ մի կին ատամնատեխնիկ»՝ Իլհամ Ալիևը: Բոլորը: Հետևաբար Նիկոլ Փաշինյանը մնալու շանս չունի, պիտի հեռանա, որովհետև մնալու դեպքում նա ինչպե՞ս է աշխատելու էլիտայի հետ: 

Նախագահական կառավարման համակարգում Փաշինյանն ընդհանրապես շանս չէր ունենա բնության մեջ իր տեղը գտնելու, իսկ խորհրդարանական կառավարման համակարգում նա կարող է կուսակցություն ղեկավարել և մասնակցել ընտրությունների ու դեռ քվեների հույս ունենալ, թեկուզ՝ 15-20 տոկոս: 

Էլիտան վրեժ է լուծում Նիկոլ Փաշինյանից, որովհետև նա իշխանության է եկել ժողովրդով, այսինքն՝ ի հեճուկս էլիտայի: Ո՞վ էր նրա կողքին կանգնած, երբ նա ժողովրդի հետ էր, թերևս ՀԱԿ-ից բացի՝ ոչ ոք: Հետևաբար պատկերացնո՞ւմ եք, թե մեր էլիտան ինչքան չի սիրում ժողովրդին:

Բոլորն ատամ են սրում Փաշինյանի վրա, բոլորն իրենց ծնոտի ամրությունն են ստուգում այդ իսկապես պետության ամենաթույլ օրգանիզմի՝ ՀՀ վարչապետի գոյության վրա, որն ինքն է ընկել իր ծուղակը, երբ համաժողովրդական էյֆորիայից ոչ մի բանական հանածո դուրս չբերեց: 

Այս պատմության մեջ տարօրինակ է եկեղեցու պահվածքը, եկեղեցին վերջին 30 տարում առաջին անգամ հրապարակային մտավ քաղաքականության մեջ, Շիրակի թեմի առաջնորդը գրեթե «գողական բազարի» է անցել, նա Փաշինյանի մասին դեկտեմբերի 7-ին ասել է՝ նրա ներկայությունն ինձ համար տհաճ է: Նա դա ասում է ժողովրդի ընտրյալի մասին:

Անկախ նրանից, թե ուր հասցրեց իրեն Փաշինյանը, հոգևոր հոտի ղեկավարի խոսքն ուղղված է ժողովրդական քվեի հասցեին: Ես չգիտեմ՝ որտեղ է գրված, որ հոգևորականը կարող է այդպես արտահայտվել մարդու հասցեին: Առավելևս, ի՞նչ է պատրաստվում անել հոգևորականը, եթե հանկարծ նոր ընտրություններով Փաշինյանն ինչ-որ կերպ կրկին վերցնի այդ քվեն, թեկուզ ոչ էյֆորիկ ծավալներով:

Ես չեմ ճանաչում որևէ Հիսուս Քրիստոսի կամ Պողոս Առաքյալի, որը հոգևորականին կլիազորեր այդպես արտահայտվել մարդու հասցեին, որի հանցանքներում ավելի տեսանելի է տգիտությունը, քան՝ դիտավորությունը: 

Փաստն այն է, որ այն, ինչ անում է հայկական էլիտան, Փաշինյանի դեմ չէ, ժողովրդի դեմ է, որովհետև ժողովուրդը դեռ իր խոսքը չի ասել, որովհետև ժողովուրդը ներգրավված չէ հակափաշինյանիզմի մեջ: Իսկ դրա միակ ճանապարհը ընտրություններն են: Կա՛մ դատեք այդ մարդուն ձեր իսկ դատարաններով, կա՛մ մտեք քաղաքական պայքարի մեջ:

Ձեր պայքարում ժողովուրդ չկա, որովհետև ո՛չ Վազգեն Մանուկյանը, ո՛չ Արթուր Վանեցյանը, ո՛չ էլ Գեղամ Մանուկյանը լեգիտիմ չեն նույնիսկ իբրև ընդդիմություն, որովհետև նրանք Նիկոլ Փաշինյանի քաղաքական այլընտրանքը չեն, նրանք ընդհանրապես չկան քաղաքական արենայում որպես քաղաքական խոսքի ներկայացուցիչ:

Նիկոլ Փաշինյանը նույնպես քաղաքական խոսքի ներկայացուցիչ չէր, բայց նա ներազգային աղետի հակոտնյան էր, որը չվախեցավ միայնակ առաջնորդել ժողովրդին: Եվ, այո՛, Նիկոլ Փաշինյանը նույնպես դարձել է աղետ, բայց նա կառավարման ամբողջ ընթացքում ուղղակի ինքնասիրահարվածի իր բմբուլներն էր խնամում ժողովրդական համակրանքով:

Ուստի հասավ այն օրվան, երբ ժողովուրդն ինքնասիրահարվածի հավեսը չունի: Նա ո՛չ փողի գերի է, ո՛չ էլ կոռումպացված, Փաշինյանը պետք է փոխարինվի: Կասկած չկա: Բայց իշխանության պետք է գա ոչ թե մեկը, ով վախենում է իշխանություն կորցնելուց, այլ մյուսը՝ ով վախենում է կորցնել ժողովրդին:

Մհեր Արշակյան

MediaLab.am