Միջազգային ինստիտուտների կամ ազդեցիկ պետությունների կողմից չկան հայտարարություններ, համաձայն որոնց` Ադրբեջանն անհապաղ պետք է բացի այս կենսական նշանակություն ունեցող ճանապարհը․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արդեն երկրորդ օրն է ադրբեջանական զինուժը շարունակում է ապօրինաբար փակ պահել Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի երկու հատվածներ։

Այժմ Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրերն ամբողջովին կտրված են մարզկենտրոնից ու մայրաքաղաք տանող գլխավոր ճանապարհներից, ինչի հետևանքով այս գյուղերի բնակչության համար լրջորեն սահմանափակվել է սննդամթերքի, բժշկական ծառայությունների հասանելիությունը, ինչպես նաև բնակիչների ազատ տեղաշարժի իրավունքը, ինչն ակնհայտորեն հումանիտար ճգնաժամի իրական վտանգ է ստեղծում։

Այս պահի դրությամբ միջազգային ինստիտուտների կամ ազդեցիկ պետությունների կողմից չկան հայտարարություններ, համաձայն որոնց` Ադրբեջանն անհապաղ պետք է բացի այս կենսական նշանակություն ունեցող ճանապարհը։

Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունը, տարբեր երկրներում գործող մեր դեսպանատները, ինչպես նաև սփյուռքի մեր կառույցները և մենք բոլորս պետք է ակտիվ աշխատանքներ տանենք միջազգային հանրության ներկայացուցիչների, տարբեր կառույցների մեր գործընկերների հետ, որպեսզի կոչեր և պահանջներ հնչեն ընդդեմ Ադրբեջանի վերջին սադրանքի։

Անհրաժեշտ է ակտիվ քայլեր ձեռնարկել՝ ադրբեջանական սադրանքի դեմ միջազգային ճնշում ձևավորելու ուղղությամբ։ Միանշանակ առաջին հերթին ակնկալում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի աներկբա և դատապարտող հայտարարությունները և ճնշումը, որպեսզի ճանապարհը բացվի»։