ԵՄ-ն քննարկում է Իրանի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունը. ֆոն դեր Լայեն

Եվրոպական միության իշխանությունները չեն բացառում Թեհրանի դեմ պատժամիջոցների հետագա խստացման հնարավորությունը։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Եվրահանձնաժողովի ղեկավարը մասնակցում է ԵՄ հանձնակատարների կոլեգիայի երկօրյա նիստին, որը հունվարի 15-ին մեկնարկել է Կիպրոսում։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա սպասում է ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական միջամտությանը Իրանի գործերին, ֆոն դեր Լայենը նշել է. «Ես չեմ կարող մեկնաբանել այլ երկրների գործողությունները. դա նրանց գործն է։ Սակայն մենք իսկապես քննարկում ենք Իրանի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունը»։

Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝ Իրանում հակակառավարական ակցիաների մասնակիցները դիմել են ԵՄ իշխանություններին՝ պատժամիջոցների ցանկում իրենց երկրից նոր անձանց ներառելու խնդրանքով։ Նա ընդգծել է, որ «շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում Իրանում», և խոստացել է ընդառաջել ցուցարարների պահանջներին։

«Այո, մենք դա կանենք», հայտարարել է ֆոն դեր Լայենը։

Դեկտեմբերի 28-ից Իրանում տեղի են ունենում լայնածավալ ցույցեր՝ իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և բարձր գնաճի ֆոնին։ Հակակառավարական բողոքի ակցիաները ուղեկցվել են բախումներով և անկարգություններով։ Արևմտյան լրատվամիջոցները, հղում անելով իրավապաշտպան կազմակերպություններին, հայտնել են ավելի քան 2500 զոհի մասին, մինչդեռ Իրանի արտգործնախարարը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ զոհերի թիվը կազմում է մի քանի հարյուր։

Հունվարի 15-ին, ԱՄՆ-ի նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արտակարգ նիստ է անցկացվել Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ։