Երկու տղա, մեկ աղջիկ. տարվա առաջին եռյակի ծնունդն ընդունած բժիշկը մանրամասներ է ներկայացնում

«Երեխաներն իրենց շատ լավ են զգում, իրենց մայրիկի մոտ են, նորմալ ուտում են, հսկողություն, իհարկե, կա, բայց առանց թթվածնային ապարատի շնչում են ու շուտով դուրս կգրվեն»,- «Մեդիալաբին» ասում է հունվարի 1-ին Երևանում եռյակի ծնունդն ընդունած բժիշկը՝ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Աբովյանը։

Հայտնի բժիշկը մեկ-երկու շաբաթից ևս մեկ եռյակի ծնունդ է սպասում:  Իր ապրումների ու զգացողությունների մասին հայտնի մանկաբարձ-գինեկոլոգը, որը տարին վեց-յոթ եռյակի ծնունդ է ընդունում, չի ցանկանում շատ խոսել, միայն ասում է՝ անսահման ուրախություն ու ոգևորություն է ապրում յուրաքանչյուր ծնունդից։

«Կոնկրետ այս եռյակի ծնունդը բնական ճանապարհով չի եղել, կեսարյան հատումով է եղել ծնունդը․ առաջին երեխայի դիրքն այնպիսին էր, որ իրավունք չունեինք թողնել՝ երեխաները ինքնուրույն ճանապարհով ծնվեն»,- ասում է մանկաբարձ-գինեկոլոգը։

Սովորաբար, ըստ գինեկոլոգի, երկվորյակների կամ եռյակների ծնունդ լինում այն դեպքում, երբ զույգերը դիմում են արհեստական բեղմնավորման: Այս եռյակը նույնպես արհեստական բեղմնավորման արդյունք է: «Կոնկրետ այս դեպքում՝ երկու հատ են տեղադրել, մեկը կիսվել է: Բնական ճանապարհով ևս լինում են նման դեպքեր, երբ երկարատև անպտղությունից հետո խթանում են ձվարանները»,- ասում է Դավիթ Աբովյանը։

Եռյակ երեխաներից երկուսը տղա են, մեկը՝ աղջիկ: Նրանց 37-ամյա մայրը մանկաբարձ-գինեկոլոգի խոսքով, չի ցանկանում իր ու երեխաների մասով տեղեկություններ շատ տրամադրվեն, դեմ է ցանկացած հարցազրույցի։

«Հղիության ընթացքը նորմալ է եղել, կինը վերահսկողության տակ է գտնվել, քանի որ եռյակների մոտ էլ մեծ է վաղաժամ ծնունդի ռիսկը, մենք ամեն ինչի նախապես էինք պատրաստվել»,- ասում է նա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am