Նախագահի պաշտոնում իմ թեկնածությունը եղել է, բայց ես ինքնաբացարկ եմ հայտնել. Ալեն Սիմոնյան

Ճիշտ չեն այն լուրերը, որ Վահագն Խաչատրյանի թեկնածությունը Խաչատուր Սուքիասյանն է առաջարկել։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը այսօրվանից ստանձնել է ՀՀ նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը:

«Ես անձամբ գտնում եմ, որ շատ լավ թեկնածու ենք ընտրել` իր անցած ճանապարհով, պարկեշտությամբ», -հավելել է Սիմոնյանը։

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ վեց թեկնածության հարց է քննարկվել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում: Այդ թեկնածուներից մեկը եղել է կին, սակայն քննարկումների արդյունքում ընտրվել է հենց Վահագն Խաչատրյանը:

«Իմ թեկնածությունը եղել է, բայց ես ինքնաբացարկ եմ հայտնել: Ես համարում եմ, որ այստեղ՝ Ազգային ժողովում իմ աշխատանքը լավ եմ կատարում, համարում եմ, որ պատասխանատու աշխատանք եմ կատարում», -նշել է Սիմոնյանը։

ԱԺ նախագահն ասել է նաև, որ ՀՀ նախագահի ընտրությունը հավանաբար կլինի 2-րդ փուլով, քանի որ այս ընտրության հարցում խորհրդարանական ընդդիմությունը իրենց չի աջակցելու: