Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան շուրջ շահարկումներն անհիմն են․ դատաբժշկի եզրակացություն դեռ չկա. Fip.am

Մայիսի 5-ին տեղեկություն տարածվեց, որ Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրաններից մեկում մահացել է ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման մասնակիցներից մեկը։ Դրանից կարճ ժամանակ անց Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել սրտի կանգով։ Ըստ Դանիելյանի՝ հիվանդանոցում իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն՝ ապարդյուն։

Քաղաքացու մահվանը հաջորդեցին մահվան պատճառների շուրջ երկկողմանի շահարկումները։ Իշխանամետ մամուլը, հղում անելով անանուն աղբյուրներին, հայտնում էր, որ քաղաքացին մահացել է թմրանյութերի գերդոզավորումից։ Նույնիսկ ԱԺ ամբիոնից ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ակնարկեց դրա մասին՝ կոչ անելով ոստիկաններին մտնել և ստուգել Ֆրանսիայի հրապարակի վրանները, որպեսզի հնարավորինս շուտ կանխվեն գերդոզավորման հերթական դեպքերը։ 

Մյուս կողմից, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը և Արմեն Աշոտյանը քաղաքացու մահը կապեցին շտապօգնության մեքենայի բացակայության և ուշ օգնություն ցուցաբերելու հետ։ Սակայն նույն օրը Երևանի քաղաքապետարանից մեզ տեղեկացրեցին, որ հանրահավաքի վայրերում շտապօգնության մշտական ծառայություն իրականացնում են միայն հանրահավաքի կազմակերպիչների գրավոր դիմումի համաձայն։ Տվյալ դեպքում, ըստ քաղաքապետարանի լրատվության վարչության պետի ժ/պ Լևոն Սարդարյանի, նման դիմում չի եղել։

Մահվան հաջորդ օրը Armlur.am-ը փաստաթուղթ հրապարակեց և գրեց, որ իրենց ձեռքի տակ հայտնված փաստաթղթերն ապացուցում են, որ քաղաքացին մահացել է ոչ թե գերդոզավորումից, այլ սուր սրտային անբավարարությունից: Լուրն արագորեն տարածվեց մի շարք լրատվամիջոցներում, մասնավորապես՝ lurer.com168.amantifake.ammediahub.amirakanum.com24news.am և մի շարք այլ կայքերում:

Լուրի տարածմանը զուգահեռ՝ դրա բովանդակությունը մի փոքր փոփոխվեց։ Aravot.am-ը, հղում անելով նույն փաստաթղթին, գրեց, որ դատաբժշկական փորձաքննությունը հերքում է գերդոզավորման մասին իշխանական լուրերը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» դեռևս մահվան օրը կապ էր հաստատել ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի հետ՝ պարզելու քաղաքացու մահվան իրական պատճառը։ Դանիելյանը մեր զրույցում նշել էր, որ իրենք չեն կարող ասել, թե որն է եղել քաղաքացու մահվան պատճառը, դա պետք է պարզի դատաբժշկական փորձաքննությունը։ 

Ինչ վերաբերում է Armlur.am-ի հրապարակված փաստաթղթին, ապա QR կոդով նույնականացնելու կամ հսկիչ համարը մուտքագրելու միջոցով պարզվում է, որ այն 2022 թ․ մայիսի 6-ին տրված մահվան վկայական է, որտեղ ընդամենը արձանագրված է, որ մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից։ Ընդ որում, ո՛չ Armlur.am-ի հրապարակած փաստաթղթում, ոչ էլեկտրոնային նույնականացման պարագայում չի երևում քաղաքացու անունը և ազգանունը, ինչը փաստաթղթի կապը Ֆրանսիայի հրապարակում մահացած անձի հետ պակաս արժանահավատ է դարձնում։

Այդուհանդերձ, դատաբժշկական փորձաքննության միջոցով հնարավոր է պարզել մահվան իրական պատճառները, այդ թվում՝ թմրանյութերի գերդոզավորման փաստը հերքող կամ հաստատող հանգամանքների առկայությունը։ 

Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Fip.am-ին տեղեկացրեցին, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքներն առայժմ չկան։

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ Armlur.am-ի հրապարակած և մի շարք լրատվամիջոցների արտատպած փաստաթուղթը կապ չունի դատաբժշկական փորձաքննության արդյունքների հետ և դրա միջոցով հնարավոր չէ իմանալ քաղաքացու մահվան իրական պատճառը։ Հետևաբար, Ֆրանսիայի հրապարակի վրաններից մեկում ընդդիմադիր ցույցին մասնակցող քաղաքացու մահվան պատճառների վերաբերյալ մամուլում տարածվող երկկողմանի շահարկումներն անհիմն են։

Նարեկ Մարտիրոսյան

Fip.am