Ռուս-ֆրանսիական պարբերական շփումների շրջանակում այսօր տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։
Այլ հարցերից զատ՝ երկու երկրների նախագահները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ մտքերի փոխանակման ընթացքում գոհունակություն է հայտնվել իրավիճակի կայունության և տարածաշրջանում խաղաղ կյանքի, տրանսպորտային ու տնտեսական կապերի վերականգնմանն ուղղված ջանքերի կապակցությամբ։ Նշվում է, որ այդ հարցերում Ռուսաստանն ու Ֆրանսիան գործում են և հետագայում էլ մտադիր են գործել համահունչ»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ Մակրոնն ու Պուտինը դեկտեմբերի 14-ին կայացած հեռախոսազրույցում ևս քննարկել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու տիրող իրավիճակը։
Աղբյուր՝ Factor.am