ԵԽԽՎ-ն մտահոգված է Արցախյան պատերազմի ընթացքում հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքների առնչությամբ

Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված կոնֆլիկտից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մի շարք առաջարկություններ է ներկայացրել երկու երկրներին հակամարտությունից հետո կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում մարդասիրական հետևանքները վերհանելու և վերացնելու, ինչպես նաև՝ խաղաղության գործընթացին ընդառաջ գնալու համար: Առաջարկության տեքստը հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական կայքում։

Նշվում է, որ առաջարկությունները կազմվել են եվրապատգամավոր Փոլ Գևանի (Իռլանդիա) զեկույցի հիման վրա, որն այցելել է երկու երկրներ` Հայաստան ու Ադրբեջան։

Վեհաժողովն ասել է, որ «մտահոգված է 6 շաբաթ տևած պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների դեպքերի, պատերազմական հանցագործությունների և այլ չարագործությունների վերաբերյալ մեղադրանքների առնչությամբ»:

Կառույցը կոչ է արել երկու երկրներին լիարժեք կերպով հետաքննել հանցագործություններն ու արդարադատության բերել յուրաքանչյուրին, այդ թվում՝ հրամանատարությանը, որը պատասխանատու է եղել, ինչպես նաև՝ համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ՝ նրանց դեմ ուղղված բողոքների հարցում։

ԵԽԽՎ-ն հաստատել է, որ եթե չլինի հստակություն ու ճշմարտության բացահայտման ձգտում երկու երկրների կողմից, կոնֆլիկտը կշարունակվի սերունդներ, և պատերազմի հետևանքները կմնան հավետ։

Կառույցը, միաժամանակ, կոչ է արել միջազգային հանրությանը շարունակել աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին, իսկ երկու երկրներին կրկին կոչ է անում արդյունավետորեն օգտագործել Եվրախորհրդի փորձը։

Եվ վերջում ԵԽԽՎ-ն հավելել է, որ հակամարտությունն աղետալի ազդեցություն է թողել տարածաշրջանի մշակութային ժառանգության ու գույքի վրա։

Աղբյուր՝ Factor.am