«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը
– Տիկին Սեդրակյան, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ կառավարության այս կազմով հնարավոր չէր նախապես ժողովրդին տրված խոստումներն իրականացնել, և դիմել է Հայաստանի, Սփյուռքի, Արցախի բոլոր կարող և առողջ ուժերին միավորվելու հանուն մեր երկրի ապագայի։ Ինչո՞ւ է ակտիվացել, ու ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել։
– Ես ուզում եմ թվել այն համակարգային սխալները, որոնց հետևանքն է այս իրադրությունը։ Մեր հեղափոխությունը եկավ խոստումներով, որոնք չկատարվեցին։ Առաջինը՝ Սահմանադրության փոփոխությունն էր, չկատարվեց, արդյունքում՝ ունենք ՍԴ ճգնաժամ։ Եթե վերանայվեր այն ժամանակ, ոչ մի այդպիսի խնդիր չէր լինի։
Երկրորդ՝ պետք էր վերանայել ընդհանուր վերաբերմունքը օլիգարխիայի նկատմամբ։ Այսինքն՝ կամ ընդհանուր համաներում էր պետք, և դրանից հետո բիզնեսի հստակ սորտավորում։
Եթե մենք համաներում մեզ թույլ չենք տալիս, ապա, եթե, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը կամ Գագիկ Խաչատրյանը խոշոր օլիգարխ և վտանգավոր մարդիկ են, ապա նույն մասշտաբով այդտեղ աշխատում են և՛ Գագիկ Ծառուկյանը, և՛ Սամվել Ալեքսանյանը, և ուրեմն մեկ ընդհանրական մոտեցում պետք է կիրառվեր, որ թե՛ օլիգարխը, թե՛ հասարակությունը հասկանային, որ այժմ փոխվել է չափանիշը, և իրենք կամ պետք է ենթարկվեն այդ չափանիշին, կամ դատվեն օրենքի առավելագույն խստությամբ։
– Այսինքն՝ ի սկզբանե սելեկտիվ մոտեցո՞ւմ կիրառվեց, Գագիկ Ծառուկյանն արտոնություններ ստացա՞վ։
– Այո, իհարկե։ Նա, պարզվեց, որ սեփականատեր է, նաև ԱԺ-ում է ներկայացված։ Եվ ոչ միայն ինքն արտոնություն ունեցավ, սա է ամբողջ ցավը։ Մենք ունենք նաև Սամվել Ալեքսանյան։ Այդ ինչու է բոլորին թվում, թե Ալեքսանյանը վաղը չէ մյուս օրը չի դնելու իր խնդիրները, ինչպես էր նա սերտաճած այն համակարգի հետ, իսկ հիմա սերտաճել է այս համակարգի հետ։
Դրա համար բոլոր համակարգային բացթողումները վերադառնում են հետո խփելու հեղափոխական նորարարություններին մի պարզ պատճառով. եթե հեղափոխական նորարարությունը ամուր օրենսդրական և գաղափարական հիմք չունի և հիմնված է միայն լայվերի և գոռգոռոցի վրա, գնում բախվում է ժեռ ապառաժ քարերին, նախկին բյուրոկրատական ապարատի լավ թրծվածությանը, նախկին օրենսդրական հիմքերի անկատարությանը, նախկին փողային մեխանիզմների կեղտոտությանը, որոնք մինչև հիմա չեն հասկացել՝ ինչ է կատարվել, և թե ինչպես սառցաբեկորը մնաց տակը։
– Ի՞նչ զարգացումներ են հնարավոր։ Մամուլը գրում է ընդդիմադիր բևեռի ձևավորման մասին միանգամից մի քանի քաղաքական ուժերի հետ։
– Ամեն տեսակ զարգացում հնարավոր է։ Հենց Վանեցյանը հայտարարեց կուսակցություն ստեղծելու մասին, ես սկսեցի անընդհատ հնչեցնել, որ Ռուսաստանը, չվստահելով Հայաստանի հեղհեղուկ, պրոռուսական իշխանությանը, որոշել է Հայաստանը հանձնել խորագույն ինտեգրացիայի ճիրաններին, այսինքն՝ ԵԱՏՄ-ի սոսկալի բանտին։
Մենք, ի տարբերություն Լուկաշենկոյի, որը Լեհաստանի հետ սահման ունի և կարող է մտնել եվրոպական լագեր, այդ հնարավորությունը չունենք։ Եվ մեզ ուզում են փակել ոչ միայն այս կորոնավիրուսի կոշմարի, այլև ԵԱՏՄ կոշմարի հավերժական պարկի մեջ, և դրան, իհարկե, և՛ Վանեցյանը, և՛ Ծառուկյանը կողմ են քվեարկելու։
– Այնուամենայնիվ, նրանք կարո՞ղ են հաջողել։
– Իհարկե կարող են հաջողել և բացատրել, թե ինչու։ Օրինակ՝ ես սոցիալական ցանցերում լսում եմ, թե ինչպես նվազ մարմնով և մտքով ինչ-որ երիտասարդներ կանգնում են և ասում՝ էդ էր պակաս, ցխենք և այլն։
Ինձ համար այդ երիտասարդներն ավելի վտանգավոր են, նրանք ստեղծում են պատրանք, որ կարելի է ցխել։ Չի կարելի ցխել ԿԳԲ ապարատը, չի կարելի ցխել այն ռուսական զորքը, որը դու քաղցկեղի նման պահում ես քո հողի վրա և չգիտես, թե նա ինչպես կարող է շուռ գալ քո դեմ, չի կարելի ցխել բազմաթիվ մարդկանց, որոնք հեսա կանգնելու են սոցիալական խնդիրների առաջ։
Փող աշխատող մարդը՝ ինքը, որպես կանոն, խնդրառու չէ, ինքը բոլոր ռեժիմների ընթացքում պրոֆեսիոնալիզմով աշխատում է, ինքը դժգոհ է գաղափարական պահանջներով։
Կներեք, ամբոխը գաղափարական մասսա չէ, ամբոխը հացապահանջատեր մասսա է, և երբ հացը պակասի, իսկ հացը պակասելու է, սկսվելու են տեսարանների դիրիժորների փայտիկների շարժերը։
– Ըստ էության՝ հիմա հակահեղափոխության վտանգն ավելի մեծ է, քան երկու տարի առա՞ջ։
– Իհարկե, և երբ ինձ ասում էին՝ հակահեղափոխության թիրախը ՀՀԿ-ն է, ես ծիծաղում էի, ասում էի, որ դա անընդունելի է, և դա ուղղակի իրագործելի չէ, որովհետև ՀՀԿ-ն չունի այդ պոտենցիալը, ես ասում էի, որ հակահեղափոխությունը գալու է Ռուսաստանի հատուկ ծառայություններից։ Ահա և եկավ։
– Ի դեպ, Տեր-Պետրոսյանն էր հայտարարություն տարածել, որ դավաճանություն է պատերազմական այս իրավիճակում:
– Տեր-Պետրոսյանը, նախքան հայտարարություններ տարածելը, պետք է շատ լավ մտածի, քանի որ բացի իր երիտասարդ և ոչ այնքան երիտասարդ էկզալտացված ամբոխից, ընդհանուր առմամբ, հանրության մեջ չունի այդ հենարանը, և այդ ճանաչվածությունը չունի, ներկա պահին Փաշինյանի վարկանիշն է իջնում, ինչի՞ մասին է խոսքը, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը չի բարձրացել, ավելին՝ համացանցը լցվել է իր և Ծառուկյանի բուրժուադեմոկրատական համատեղ նկարներով։
Մանե Հարությունյան
MediaLab.am