Ուհանում առաջին անգամ կորոնավիրուսի վարակվածության նոր դեպք չի գրանցվել

Չինաստանի Հուբեյ նահանգի կենտրոն համարվող Ուհան քաղաքում, որը պանդեմիա որակված վարակի էպիկենտրոնն է, կորոնավիրուսի բռնկումից ի վեր առաջին անգամ մարտի 18-ին վարակվածության նոր դեպք չի արձանագրվել: 

«Արմենպրես»ի հաղորդմամբ, Չինաստանի Հուբեյ նահանգի առողջապահական հանձնաժողովը տեղեկացնում է, որ նահանգում մահերի թիվն ավելացել է 8-ով, իսկ կորոնավիրուսով վարակվածների թիվը Ուհանում 50 հազար 5 է, Հուբեյում՝ 67 հազար 800:

Մարտի 18-ին նահանգում, ընդհանուր առմամբ, դուրս է գրվել 795 մարդ, արդյունքում հոսպիտալացված անձանց թիվը կրճատվել է՝ հասնելով մինչև 6 հազար 636, այդ թվում` 1809 ծանր, 465-ը ծայրահեղ ծանր վիճակում են:

Կորոնավիրուսն ի հայտ է եկել Ուհան քաղաքում նախորդ տարվա վերջին և այդ ժամանակից ի վեր տարածում է գտել աշխարհի 166 երկրում: