Այս իրավիճակում կարող են որոշակի խնդիրներ առաջանալ ընտանեկան հարաբերություններում՝ վատ հետևանքներով. Հոգեբան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հոգեբան Սամվել Խուդոյանը

– Պարո՛ն Խուդոյան, արտակարգ դրության պայմաններում ներընտանեկան ինչպիսի՞ խնդիրներ են առաջացել։ Շատ երկրներում, օրինակ՝ Չինաստանում, մեկուսացումից հետո շեշտակի աճել են ամուսնալուծությունները: Այս առումով ի՞նչ իրավիճակ է Հայաստանում, և ի՞նչ է մեզ սպասում։

– Իհարկե, այս պահին հետազոտություն չի իրականացվել, որ ասենք, հետազոտել ենք, պարզապես զուտ դիտարկումների, դիտումների հիման վրա նկատվում է ընտանեկան ագրեսիվություն, բաժանումներ, ընտանեկան խնդիրներ։ 

Եվ սա բնական է, քանի որ մարդիկ նեղված են, և նեղվածությունը հաճախ թափում են հենց այն մարդու գլխին, ում վրա կարող են, և դրանք սովորաբար հարազատներն են։ Եվ այս հողի վրա էլ առաջանում է լարվածություն։ 

Մարդիկ նեղված են կոնկրետ սոցիալ-տնտեսական իրավիճակից, նեղված են այն հանգամանքից, որ իրենք ազատ շարժվելու, շփվելու հնարավորություններ չունեն։ Եվ այս ամենը մարդկանց մեջ ներքին լարում է առաջացնում։ 

Եվ քանի որ նրանք տանն են, լարումը պետք է ինչ-որ տեղ լիցքաթափվի։ Մարդիկ նույնիսկ չեն էլ գիտակցում, որ թեման, որի համար իրենք կռվում են, որը կարող է ձնագնդի նման մեծանալ, բոլորովին ուրիշ ոլորտի լարվածության հետևանք է։ Եվ դրա արդյունքում կարող են որոշակի խնդիրներ առաջանալ ընտանեկան հարաբերություններում, որոնք հետագայում կունենան վատ հետևանքներ։ 

Բայց այսօր նման բան պնդել չի կարելի, որովհետև մենք մեր ընտանիքը չենք կարող համեմատել չինական կամ եվրոպական ընտանիքների հետ, մեզ մոտ ավելի կայուն ընտանիքներ են։ 

Մարդիկ պետք է գիտակցեն, որ իրենց լարվածությունը կարող է ամենևին պայմանավորված չլինել կնոջ կամ ամուսնու կամ երեխայի ինչ-որ արարքով կամ ասածով, այլ ուղղակի առիթ ես ման գալիս լիցքաթափելու համար։ 

Եվ դիմացինն էլ պետք է հասկանա, որ այս մարդը հնարավոր է՝ ուղղակի լիցքաթափվում է, և էլ ավելի չպետք է խորացնի ճգնաժամը։ Իսկ ընդհանուր առմամբ, հայտնի բան է, որ նեղ վիճակներում ընտանիքներն ավելի կայուն են դառնում, ճգնաժամային իրավիճակներում իրարից ավելի են կառչում, ավելի նեցուկ լինում միմյանց։

– Ի՞նչ խնդիրներ են ի հայտ գալիս, երբ ընտանիքի անդամները անընդհատ տանն են, ընտանեկան բռնությունը ո՞ր չափով է ավելանում։

– Թվարկածս խնդիրների հետևանքով կարող է աճեն։ Եվրոպական տարբեր երկրներում, Չինաստանում ընտանեկան ագրեսիայի աճ է արձանագրվել, բայց Հայաստանում նման հետազոտություն չի արվել, որ արձանագրենք։ Ավելացել են որոշ հանցագործությունների տեսակներ, կիբեռհանցագործությունները շատացել են, տան գողությունները՝ նվազել։

Այսպիսի փոփոխություններ կան, բայց կոնկրետ ընտանեկան կոնֆլիկտների վերաբերյալ մենք չենք հանդիպում ծանր դեպքերի ավելի շատ, քան առաջ էր, օրինակ՝ ամուսինը վնասեց կնոջը և այլն, նման ավելացած օրինակների չենք հանդիպում, գումարած այն, որ հիմա գարուն է, իսկ գարնան շրջանում հուզականությունն ավելանում է։

– Վախ այս վարակից կա՞, որքանո՞վ են դիմել ձեզ՝ ստանալու հոգեբանի աջակցություն։

– Վախի մեկ դեպք եղել է, բայց ամեն ինչ շատ արագ ուղղվեց ։ Անպայման կլինեն վախի դեպքեր, հատկապես շատ է վախը տարեցների մոտ, և հիվանդություններից կան վախեր, հատկապես մահվանից վախերն ավելի ուժեղ են։ Իսկ ընդհանուր առմամբ, դատելով փողոցների աշխուժությունից՝ վստահ կարելի է ասել, որ վախ չկա։

Հիմա այլ պատկերացումներ կան, որ իբր ամեն ինչ սուտ է, չիպավորման համար է արվում և այլն, որ բոլոր մահերը վերագրում են կորոնավիրուսին, սա աբսուրդ է, անհեթեթություն։ Եվ ընդհակառակը, որ մի քիչ հիմա վախենային, ավելի լավ կլիներ։

– Պարոն Խուդոյան, խուճապ հասարակությունում չկա՞։

Խուճապ ի սկզբանե չի եղել։ Եթե դիտարկենք որոշ երկրներում ինչ խուճապային վիճակ էր, մարդիկ ինչպես էին առևտուր անում, մեզ մոտ այդպիսի խուճապ չզգացվեց, և եթե վրացի լրագրողները մեզ գովում են, ասում են՝ Հայաստանում խուճապ չառաջացավ, ապրանքները լիքն են, ոչ մի խնդիր չեղավ, և այդտեղ մենք գլուխ գովելու տեղ ունենք, որովհետև իրականում ոչ մի խուճապ չի եղել։

– Տասը օրից, երբ արտակարգ դրությունը թուլացվի, խանութները բացվեն, հասարակությունը նոր կյանքի պատրա՞ստ է։ 

– Չգիտեմ՝ տասը օր հետո ինչ իրավիճակ կլինի, իրավիճակից ելնելով, եթե պակասի վարակվածների թիվը, մահերը պակասեն, այդ դեպքում կարելի է մաս-մաս ազատագրել։ 

Ինչ վերաբերում է հարմարմանը, բնական է, որ երբ քառասուն օր հետո աշխատանքի գնան, սկզբնական շրջանում անհարմարություններ կլինեն, գումարած այն, որ հիվանդությունը չի հաղթահարվել։ Օրինակ՝ ես կվախենամ մտնել լսարան, որտեղ 50-60 հոգի ուսանող կա։ Սա մեծ խնդիր է, և կարող են լուրջ կյանքեր վտանգի ենթարկվել։

Բնականաբար, ոչ թե հարմարվելու հետ է կապված վախը, այլ վարակվելու։ Կարելի է որոշ ոլորտներ բաց թողնել, որ կարողանան տակից դուրս գալ, բայց, օրինակ՝ ռեստորանները շեշտը պետք է դնեն առաքման վրա, որովհետև հիմա խնջույքները ամենավտանգավորն են, հիմնական վարակի աղբյուրն այնտեղ է։

Ընդհանրապես անհասկանալի էր շինարարության արգելքը, պետք է նստել վերանայել, հատ առ հատ նստել և տեսնել, որոնք պետք է վերաբացել։ Հազար ու մի ոլորտ կա, որ կարելի է բացել։ Շատերը ձանձրացել են։

Մանե Հարությունյան

MediaLab.am