Պահանջներն ու մոտեցումները փոխվել են, հիմա մենք այլ իրականությունում ենք ապրում․ Պապիկյանը մարզերում հետևել է ճանապարհների շինաշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 3-ին Կոտայքի, Լոռու եւ Տավուշի մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի եւ մարզպետների ուղեկցությամբ հետեւել է մի շարք ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների ընթացքին։

Մ3 միջպետական մայրուղու Սպիտակ քաղաքով անցնող ճանապարհահատվածում նախարարը իր դժգոհությունն է հայտնել շինարարության տեմպից, անդադարձել նախորդ տարի այս հատվածում կատարված աշխատանքերի բացթողումներին։

«Պահանջներն ու մոտեցումները փոխվել են, հիմա մենք այլ իրականությունում ենք ապրում: Ձեզ ընձեռնված են բոլոր հնարավորությունները՝ աշխատելու եւ գործը հաջողելու։ Բայց որակն ու պատասխանատվությունն այս հարցում անչափ կարեւոր է: Չեք կարող հին մոտեցումներով, հնացած տեխնիկայով շարունակել եւ ակնկալել որակյալ արդյունք»,-ընդգծել է նախարարը եւ խստիվ հանձնարարել ոլորտի պատասխանատուներին ամենօրյա ռեժիմով հետեւել շինարարության տեմպին եւ որակի պահպանմանը եւ զեկուցել ընթացքի մասին։

Նախարար Պապիկյանը հաջորդիվ այցելել է Մ6 Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհ:
Լոտ 1-ի Քոբայր-Ալավերդի հատվածում կապալառու կազմակերպության՝ «Հորիզոն-95» ՍՊԸ-ի ներկայացուցիչները ծանոթացրել են կատարվող շինաշխատանքների ընթացքին։ Հատկապես կարեւորվել են ժայռի պայթեցման եւ ճանապարհի լայնեցման աշխատանքները, ինչը շինարարարի փոխանցմամբ նախատեսվում է մայիսի 5-ին։

Լոտ 2-ի Ալավերդի քաղաքի շինհրապարակում նախարարը հետեւել է արդեն իսկ մեկնարկած ասֆալտապատման աշխատանքներին:

Կապալառու կազմակերպության՝ «ԱԱԲ պրոյեկտ» ընկերության ներկայացուցիչներից նախարարը հետաքրքվել է ասֆալտի բազմաշերտ հարթեցմանն առնչվող հարցերով, ճանապարհահատվածում տեղադրված ջրահեռացման համակարգով: Սուրեն Պապիկյանը ծանոթացել է շինարարական կազմակերպության կողմից շահագործվող տեխնիկայի հնարավորություններին, ինչը թույլ է տալիս ապահովել աշխատանքների որակյալ իրականցումը:

Նախարարն իր գոհունակությունն է հայտնել նշված ճանապարհահատվածում շինարարության տեմպից՝ միաժամանակ հորդորելով սեղմ ժամկետում կարգավորել ի հայտ եկած տեխնիկական խնդիրները՝ խուսափելու հետագա բարդություններից։

Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ ճանապարհահատվածի վերաբերյալ նշյալ 3 լոտերի շինարարության տեխհսկողությունն իրականացնող ընկերության՝ «Սաֆեժ ՍԱՍ եւ Հիլլ Ինտերնեյշընըլ» ՀՁ թիմի ղեկավար Գեորգիոս Պարասկեւոպուլոսի հետ զրույցի ընթացքում նախարարը հետաքրքվել է այն խնդիրներից, որոնք առաջացել են աշխատանքների նախագծման եւ բուն շինարարության ընթացքում: Հնչած հարցերին ի պատասխան ճանապարհաշինության ոլորտը համակարգող փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ առաջիկայում շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկումից հետո խնդիրների լուծման ուղղությամբ հստակ ժամկետներ ու հանձնարարականներ կտրվեն:

Շրջայցի ընթացքում նախարարը եղել է նաեւ Տավուշի մարզում, մասնավորապես հետեւել սահմանապահ Բերքաբեր համայնքի 4կմ երկարությամբ ճանապարհահատվածի եւ Մակարավանք վանական համալիր տանող հանրապետական նշանակության ճանապարհի վերանորոգման եւ հողահարթեցման աշխատանքների ընթացքին։ Այս ճանապարհները ասֆալտապատվելու են առաջին անգամ եւ շահագործման կհանձնվեն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։