«Դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչքան մարդ կմասնակցի գալիք ընտրություններին». ինչո՞ւ է ժամանակից շուտ մեկնարկել ընտրարշավը

Հայաստանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ հասարակությունն այնքան էլ հետաքրքրված չէ ընտրական գործընթացներով։ Թեև ընտրարշավն սկսված չէ, բայց այս փուլում սոցիոլոգիական ընկերություններն արդեն հարցումներ են անցկացնում։

GALLUP International Association-ի հարցումներով՝ ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել հարցվածների 41.2 տոկոսը։ 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը նշում է՝ այս փուլում հարցումները ռեալ պատկեր չեն կարող ցույց տալ։

«Օրինակ՝ ես կարող եմ դատել իմ շրջապատում ունեցած խորհրդակցություններից ու զրույցներից, որ բազմաթիվ մարդիկ կողմ են ընտրություններին և ցանկություն ունեն մասնակցել։ Իսկ երբ հարց է դրվում՝ ո՞ւմ կգերադասեք, ասում են՝ թող բոլոր ուժերը ներկայանան, ովքեր ուզում են մասնակցել, ներկայացնեն իրենց ծրագրերը, մենք էլ կկատարենք մեր ընտրությունը»,- «Մեդիալաբին» ասում է Տաթևիկ Հայրապետյանը։

Նշենք, որ մարտի 31-ին GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է նոր հարցումների տվյալները, ըստ որի՝ «Իմ քայլը» դաշինքի օգտին կքվեարկի 31.7 տոկոսը, եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեն հաջորդ կիրակի:

Քաղաքացիներին խնդրել են պատասխանել հարցին՝ եթե խորհրդարանական ընտրությունները լինեին հաջորդ կիրակի, ո՞ր քաղաքական ուժի օգտին կքվեարկեիք: «Իմ քայլը» դաշինքի օգտին կքվեարկի 31.7 տոկոսը, Ռոբերտ Քոչարյանի օգտին՝ 5.9 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին` 4.4 տոկոսը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին` 2.7 տոկոսը, ՀՀԿ-ի օգտին` 2.4 տոկոսը, ՀՅԴ-ի օգտին` 2.1 տոկոսը, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի օգտին՝ 1 տոկոսը, «Սասնա ծռեր» կուսակցության օգտին՝ 0.5 տոկոսը։ «Ոչ մեկին» պատասխան նշել է 24.6 տոկոսը։

Ընտրություններին «միանշանակ մասնակցելու եմ» պատասխանը տվել է հարցվածների 41.2 տոկոսը, «ավելի շուտ մասնակցելու եմ»՝ 10.7 տոկոսը, «ավելի շուտ չեմ մասնակցելու»՝ 15 տոկոսը, «միանշանակ չեմ մասնակցելու»՝ 15.9 տոկոսը: Իսկ հարցվածների 17.2 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։

Տաթևիկ Հայրապետյանն ասում է, որ այդ հարցումների անցկացման ժամանակահատվածն ընտրում են սոցիոլոգիական կազմակերպությունները՝ հասարակության տրամադրությունները հասկանալու համար։

«Բայց ամեն դեպքում հարցումների պատասխանները, անկախ իշխանության պատկանելությունից, մտորելու տեղիք են տալիս, թե հանրության մեջ ինչ տրամադրություններ կան։ Բայց փաստը մնում է փաստ, որ անխուսափելի էին արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հաշվի առնելով մեր երկրում ստեղծված նոր իրողությունները, տարածաշրջանի նոր իրավիճակը, մարտահրավերները»,- ասում է Հայրապետյանը։

Այս փուլում հարցումներն իրական պատկերը չեն արտացոլում, հիմա դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչքան մարդ կգնա ընտրությունների։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում սոցիոլոգ Կարեն Սարգսյանը։

Արդյոք հարցումները փաստո՞ւմ են, որ հայ հասարակությունն այս փուլում հետաքրքրված չէ ընտրական գործընթացներով, սոցիոլոգը պատասխանում է՝ դեռ վաղ է խոսել այդ մասին։

«Մինչև ընտրությունները գոնե մի 90 օր կա, ժամանակից շուտ չի կարելի չափել։ Հիմա շատ դժվար է չափել՝ ինչքան մարդ կգնա ընտրությունների, առավել ևս, մենք չգիտենք, թե ինչ զարգացումներ են սպասվում թե՛ ներքին քաղաքական, թե՛ արտաքին դաշտում։ Ես բավարար տվյալներ չունեմ, որպեսզի նման գնահատական տամ՝ մարդիկ ոնց են քվեարկելու կամ գնալո՞ւ են քվեարկության, թե՞ ոչ»,- ասում է սոցիոլոգը։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են ժամանակից շուտ իշխանությունն ու քաղաքական ուժերը ընտրարշավի մեջ մտել, Կարեն Սարգսյանն ասում է՝ իրականում ընտրարշավը Հայաստանում սկսվել է 2018 թվականի մայիսի 8-ից։

«Այսինքն՝ այն չի դադարել։ Դեռևս հին Ազգային ժողովն այն ժամանակ ընտրեց վարչապետի, հետո ընտրարշավ էր, որպեսզի նոր վարչապետը հաղթեր։ Նոր վարչապետը հաղթեց այնպիսի արդյունքով, որ բոլոր քաղաքական ուժերը հասկացան՝ չէ, այսպես չի լինի։ Եվ սկսվեց հակառակ ընթացքը։ Եթե դուք խոսում եք ընտրարշավի մասին՝ որպես քաղաքական գովազդի, այո՛, դա դեռ շուտ է, բայց նորմալ ժողովրդավարական երկրներում ընտրարշավ ամեն օր տեղի է ունենում։ Հակոբ Արշակյանի այսօրվա հրաժարականն էլ է ընտրարշավի մի մաս»,- հավելում է սոցիոլոգը։

Պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ ցանկալի կլիներ, որ գալիք արտահերթ ընտրությունները դառնային հնարավորություն, ոչ թե պատրվակ՝ ցեխ շպրտելու և մեղադրանքներով հանդես գալու համար։ «Այս ընտրությունները պետք է հնարավորություն տան, որ քաղաքական ուժերը ծրագրերով հանդես գան և հասարակությանը ներկայացնեն լուծումներ, թե ինչպես են տեսնում երկրի ապագան, ինչ հնարավորություններ ու մարտահրավերներ կան, և դրանց հետ կապված լուծումներ։ Ես կարծում եմ՝ ամենամեծ խնդիրը հենց այդ լուծումների բացակայությունն է դիսկուրսում»,- ասում է պատգամավորը։

Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ իշխանությունն էլ պետք է իր նախընտրական ծրագիրը ներկայացնի՝ ի վերջո ներկայացնելով ծրագիր նաև արտաքին քաղաքականության հետ կապված։ «Ստեղծվել են նոր իրողություններ, և իշխանությունն էլ իր ծրագրերը պետք է ներկայացնի ու առաջարկի հանրությանը, այդ թվում՝ ներկայիս իշխանությունը։ Եվ արդեն հասարակությունը պետք է որոշի, թե ի՛նչ կերպ է ուզում առաջ շարժվել, ո՛ւմ առաջնորդությամբ»,- ընդգծում է պատգամավորը։

Ըստ նրա՝ հույս կա, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ այս արտահերթ ընտրությունների հիմքում կլինի հենց ծրագրերի գործոնը։ Եվ մարդիկ հաշվի կառնեն այդ գործոնը։ «Կարևոր է, որ անձերից փոքր-ինչ վերանանք և հասկանանք, թե տվյալ քաղաքական ուժերն ի՛նչ ուղղությամբ են առաջարկություններ ներկայացնում հանրությանը»,- ասում է նա։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am