ԱԳ երեք փոխնախարարներից ոչ մեկ ԱԺ չի ներկայացել

Այս օրերին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում քննարկվում է 2020 թվականի պետական բյուջեի կատարողականը:

Այսօր Արտաքին գործերի նախարարությունը պետք է ներկայացներ՝ ինչպես է նախորդ տարվա ընթացքում ծախսել հատկացված պետական բյուջեի միջոցները: Սակայն ԱԳ նախարարի հրաժարականից հետո որևէ փոխնախարար այսօր չէր ներկայացել բյուջետային քննարկումներին:

Նրանց փոխարեն ԱԳՆ-ից քննարկմանը ներկա էր միայն նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետ Արմինե Գալստյանը:

Երբ պատգամավորները հետաքրքրվեցին, թե ինչու որևէ փոխնախարար չի ներկայացել, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց կարճ՝ զբաղվածության պատճառով:

«ԱԳՆ-ից նամակ են հղել ԱԺ նախագահին և խնդրել, որ զբաղվածությամբ պայմանավորված՝ ֆինանսաբյուջետայինի պետը գա: Ազգային ժողովն ընդառաջել է այդ նամակին»,-ասաց Ռուբինյանը:

Նշենք, որ օրերս հրաժարական էր տվել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, որին էլ հաջորդել էր փոխնախարար Գագիկ Ղալաչյանի հրաժարականը:

Այսօր տեղեկություններ տարածվեցին, որ ԱԳ մյուս փոխնախարարները ևս հրաժարականներ են ներկայացրել, սակայն գերատեսչությունից շտապել էին հերքել այդ տեղեկությունը: