Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության երիտասարդական թևն`ընդդեմ «Էմո մշակույթի» աղավաղված գաղափարախոսության

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության երիտասարդական թևն`ընդդեմ «Էմո մշակույթի» աղավաղված գաղափարախոսության
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության երիտասարդական թևն`ընդդեմ «Էմո մշակույթի» աղավաղված գաղափարախոսության

Վաղը` դեկտեմբերի 2-ին,  միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության երիտասարդական թևը նախատեսում է երթ-ակցիա ընդդեմ «Հայաստանում տարածված «Էմո մշակույթի» աղավաղված գաղափարախոսության»:
«Հայաստանում վերջերս տարածում գտած այդ քայքայիչ շարժումը դարձել է հայ երիտասարդության առջև ծառացած առավել խոշոր և վտանգավոր խնդիրներից մեկը, որը հղի է անսպասելի հետևանքներով,- նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ: – Որպես հասարակության լիարժեք անդամ, որպես փառապանծ մարտի հետնորդներ` մենք մտահոգված ենք նորածիլ, սանձարձակ և արագ տարածվող այս երևույթով»:
Կառույցը, ըստ հաղորդագրության,  գործունեություն է ծավալում 2008 թ.-ից որպես երիտասարդական հասարակական կառույց, «ազգային գաղափարակիր և ազատամարտի ոստիկան վետերանների երեխաների իրավապաշտպան»:

Ըստ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության երիտասարդական թևի մամլո քարտուղար Գայանե Գալստյանի`  գրեթե 400 անդամ ունեցող կառույցը միջոցառմանը երկար է նախապատրաստվել:

«Հայաստանի էմոների ֆոտոներ ենք արել, կարգախոսներ ենք պատրաստել երթի համար, հրավերներ ենք ուղարկել Հայաստանի տարբեր բուհեր, քանի որ այս հարցը լուրջ սպառնալիք է»,- «Մեդիալաբին» ասում է  Գայանե Գալստյանը:

«Ոչ էմոյական այլասերվածությանը», «Ոչ էմոյական մազոխիզմին» և այլ պաստառներով ու էմոների նկարներով երթը ենթադրաբար կմեկնարկի ժամը 14:30-ին` Մոսկովյան 5 հասցեից և կավարտվի Հանրապետության հրապարակում:

«Հույս ունենք, որ շատ երիտասարդներ կմիանան մեզ,-ասում է Գայանե Գալստյանը: -Մենք դեմ ենք Հայաստանում տարածված այլասերվածությանը, մենք տեղեկացված ենք, գիտենք` ինչ է կատարվում, ոստիկանները պարբերաբար մտնում են դպրոցներ, դասագրքերի մեջ գտնում են ածելիներ, ինչը մտահոգիչ է: Եվ այս ակցիան շարունակական բնույթ է կրելու` դպրոցներում դասընթացների և այլ միջոցների ձևով»:

Երթ-ակցիան կանցնի «Պայքարենք միասին օտարածին «ԱՅԼԱՍԵՐՎԱԾՈՒԹՅԱՆ» դեմ» կարգախոսի ներքո:

© Medialab.am