Բնակարանային ճգնաժամի ֆոնին Իսպանիայում արտահերթ ընտրություններ են նշանակվել

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է նոյեմբերի 29-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։ Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ խորհրդարանը մերժել է փոքրամասնության կառավարության առաջարկած՝ բնակարանային ճգնաժամի մեղմմանն ուղղված միջոցառումները։

«Մենք պետք է նորից ստանանք ժողովրդի աջակցությունը և խորհրդարանում ձևավորենք ավելի մեծ առաջադիմական մեծամասնություն, որը թույլ կտա իրականացնել սոցիալական նոր բարեփոխումներ և շարունակել Իսպանիայի վերափոխումը»,- հեռուստաուղերձում հայտարարել է Սանչեսը։

Նա նաև ընդունել է, որ կառավարությունը սխալներ է թույլ տվել և չի կարողացել ամբողջությամբ իրականացնել նախորդ նախընտրական խոստումները՝ նշելով, որ հասարակության մի մասը դժգոհ է։

Խորհրդարանում կառավարության նախաձեռնությունների մերժմանը հաջորդել են բնակարանային ճգնաժամի դեմ զանգվածային բողոքի ակցիաներ։ Կառավարության տվյալներով՝ շաբաթ օրը միայն Մադրիդում ցույցին մասնակցել է ավելի քան 70 հազար մարդ։

Հանրային դժգոհությունն ավելի էր սրվել նախորդ ամսվա վերջին 87-ամյա Մարիա դել Կարմեն Աբասկալի վտարումից հետո։ Նա 70 տարի ապրել էր Մադրիդի իր տանը, սակայն ստիպված էր եղել լքել այն այն բանից հետո, երբ շենքը ձեռք բերած միջազգային ներդրումային հիմնադրամը բարձրացրել էր վարձավճարը։