«Ման էի գալիս ու չէի գտնում Հայաստանը». Ըստ Ճըն Կոսյեի, չինացիները հայերի համեմատ ավելի աշխատասեր ու պատասխանատու են

«Ման էի գալիս ու չէի գտնում Հայաստանը». Ըստ Ճըն Կոսյեի, չինացիները հայերի համեմատ ավելի աշխատասեր ու պատասխանատու են
«Ման էի գալիս ու չէի գտնում Հայաստանը». Ըստ Ճըն Կոսյեի, չինացիները հայերի համեմատ ավելի աշխատասեր ու պատասխանատու են

Չինացի խոհարար Ճըն Կոսյեն չինական նախշազարդերով սպիտակ վերնաշապիկով է, վրան` վանդակավոր գոգնոց, գլխին` մեծ, սպիտակ խոհարարի թասակ, ու այսպես սկսում է պատրաստել օրվա առաջին ուտեստը:

Ճըն Կոսյեն արդեն 5 տարի է, ինչ ապրում է Հայաստանում և աշխատում Երևանի չինական ռեստորաններից մեկում որպես գլխավոր խոհարար:

Խոհանոցում նա իրեն իսկական տիրակալ է զգում, մեծ մետաղե շերեփով խառնում է կրակին դրված կաթսայի միջի բրնձի մակարոնը, նորից ձեթ ավելացնում և հետևում կողքի սալօջախին դրված հավի մսի կտորներին:

Երկու հայ օգնականները կտրատում են կանաչեղենն ու այլ անհրաժեշտ մթերքները, տրամադրում իրեն, և արդեն 10 րոպեից պատրաստ են հայերի ամենասիրելի և շատ պատվիրվող չինական ուտեստներից մեկը՝ հավի միս ՖՆ ՍԵ մակարոնով:

Ճըն Կոսյեն եկել է Պեկինից և ունի շուրջ 17 տարվա խոհարարական փորձ՝ չինական ուտեստների առանձնահատկություններն ու համային գաղտնիքները հայերի քիմքին մատուցելու համար:

«Չինական խոհանոցն ունի մի քանի հազար տարվա պատմություն: Սակայն Չինաստանի տարբեր տարածքներում ու ծայրամասերում ուտեստները տարբեր ձևով են պատրաստում: Ցուրտ տարածքներում ուտում են շան միս, տաք շրջաններում՝ լապշա, բրինձ, իսկ տարածքներ կան, որտեղ շատ են օգտագործում բանջարեղեն»,- ասում է 40-ամյա Ճըն Կոսյեն:

Նա նշում է, որ Պեկինի մոտ տարածքներում ուտեստների մեջ շատ են օգտագործում լապշա, իսկ բրինձն օգտագործում են որպես հացեղեն: Շատ են սիրում ուտել կծու, թթու, քաղցր և դառը ուտեստներ:

«Մենք շատ կծու ենք պատրաստում ուտեստները և սովոր ենք այդ համին, բայց շատ արտասահմանցիներ չեն կարողանում ուտել: Նույնիսկ երբ կերակուրը մոտեցնում են աչքերին, կծվությունից ռեակցիաներ են առաջանում, աչքերն արցունքակալում են կամ չեն կարողանում բացել»,- ասում է Կոսյեն:

Նա աշխատել է Պեկինի բազմաթիվ ռեստորաններում ու հյուրանոցներում: Հայաստան գալու և աշխատելու հրավերը ստացել է 2008-ին՝ իր մշտական հաճախորդներից մեկից:

«Երբ պետք է Հայաստան գայի, քարտեզի վրա ման էի գալիս ու չէի գտնում Հայաստանը»,- ժպտալով պատմում է Ճըն Կոսյեն, ու դրանից երկար ու փոքր աչքերն ավելի են նեղանում:

«Չինական կերակուրների պատրաստման համար գրեթե ողջ սննդամթերքը բերվում է Չինաստանի ծայրամասերից` բրնձի մակարոն, լապշա, խոզի ականջ, սունկ, կանաչեղենի տեսակներ ու համեմունքեր, իսկ Հայաստանից գնում ենք միայն բանջարեղենի մի քանի տեսակներ և միս»,- ասում է Կոսյեն:

Պատմում է, որ երբ նոր էր եկել, հայերեն խոսելու խնդիր կար, որովհետև բացի չինարենից ոչ մի լեզու չգիտեր:

«Ես շատ վատ էի զգում, երբ խոհարարներն իմ կողքին խոսում էին, կատակում, ծիծաղում, իսկ ես ոչինչ չէի հասկանում, լուռ իմ գործն էի անում»,- ասում է նա:

Հետագայում արդեն հարմարվեց, սովորեց հայերեն բառեր ու ինչպես ինքն է նշում դարձավ նրանցից մեկը:

«Հայերն ընդհանրապես ավելի աշխույժ են, քան չինացիները: Մենք, եթե աշխատում ենք, զբաղված ենք միայն մեր աշխատանքով, այսինքն` կատակել, աշխատանքից դուրս ուրիշ բաներով զբաղվել չկա: Չինացիները հայերի համեմատությամբ շատ աշխատասեր են ու պատասխանատու: Նրանք ավելի նվիրված են իրենց գործին»,- ասում է Կոսյեն:

Երբ դեռ նոր էր Հայաստան եկել աշխատելու, նրա համար տարօրինակ էր աշխատանքի ժամերին աշխատակիցներով կատակելը, ծիծաղելը ու միևնույն ժամանակ աշխատելը:

Ճընն աշխատում է այստեղ ամեն օր՝ ժամը 10.30-ից մինչև կեսգիշեր: Տարվա մեջ հանգստանում է ընդամենը 4-5 օր:

«Մենք միշտ աշխատանքից հետո հավաքվում ենք չինացի խոհարարներով ու զբոսնում Երևանի փողոցներում կամ գնում ինչ-որ տեղ համտեսելու հայկական ուտեստներ»:

Հայկական կերակուրներից Ճընը նախընտրում է խորովածը, շատ է սիրում հայկական տոլման և չամիչով փլավը:

«Փետրվարի 3-ին՝ չինական Նոր տարվա օրը, այստեղ հավաքվում ենք որքան հնարավոր է շատ չինացիներով, խմում ենք, խորոված ուտում ու նշում»,- ասում է Կոսյեն:

Երևանում մենակ է ապրում, կինն ու 18-ամյա որդին Չինաստանում են:

Գործին խիստ նվիրվածության ու զբաղվածության հետևանքով դեռ չի հասցրել լինել Հայաստանի տեսարժան ու պատմամշակույթային վայրերում, բացի Էջմիածնի Մայր տաճարից:

«Արտաքինից հայ աղջիկները գեղեցիկ են, բայց թե ինչպիսի´ն են բնավորությամբ ու մտածելակերպով` չեմ կարող ասել: Չինաստանում ասում են, որ հայ աղջիկները կարողանում են տանն ամեն ինչ անել և չինացի աղջիկների համեմատությամբ՝ ավելի համեստ են ու նվիրված ընտանիքին, իսկ տղաները շատ հարգալից են վերաբերվում մեծերին, ինչը շատ բարձր է գնահատվում»,- ասում է Կոսյեն:

Նա նշում է, որ մշակութային առումով հայերի ու չինացիների միջև որոշակի ընդհանրություններ կան՝ պարերի, ազգային նվագարանների, ինչպես նաև հարսանեկան ավանդույթների մեջ:

Կոսյեն չի հավատում Աստծո գոյությանը, նշում է, որ չինացի երիտասարդների մեծ մասն էլ այժմ մտածում է ռեալիստորեն, հավատում է նրան, ինչ տեսնում է, կամ գիտի, որ գոյություն ունի:

«Հայաստանում քրիստոնեական կրոնին հավատացողներն ավելի շատ են: Չինաստանում տարբեր կրոններ կան, և մարդիկ էլ տարբեր կրոնական հավատալիքներ ունեն: Բայց հիմնականում չինացիները հավատում են նրան, ինչ գոյություն ունի: Մեզ մոտ սուրբ ենք համարում մեր ծնողներին, շատ բարձր ենք գնահատում ուսուցիչներին: Չինացիների 93 տոկոսը ազգային մարդիկ են՝ նվիրված իրենց պետությանն ու ավանդապաշտ»,- ասում Կոսյեն:

Քաղաքականությամբ շատ չի հետաքրքրվում, բայց կարծում է, որ եթե Լեռնային Ղարաբաղի բնակիչները ցանկանում են Հայաստանին միանալ, ապա այդպես է լինելու:

«Դա առաջին հերթին նկատվում է նրանով, որ Ղարաբաղում ապրող մարդիկ ոչ թե ադրբեջաներեն են խոսում, այլ հայերեն»,- ասում է նա:

Կոսյենի մոտ հաճախ են խոհարարներ գալիս վերապատրաստվելու կամ խորհրդակցելու, այդ թվում` Ղարաբաղից, որտեղ գործում են 2 նորաբաց չինական ռեստորաններ:

Ազատ ժամանակ սովորում է հայերեն՝ ռեստորանում աշխատող թարգմանչուհու հետ:

«Հայերենը շատ դժվար լեզու է: Եթե չինարենում մենք մի բառը ասում ենք երկու հնչյունով, ապա հայերենում դա հնչում է տասը հնչյունով»,- ասում է նա:

Կոսյեն գիտի ուտեստների, խոհանոցային իրերի, այլ պարագաների բոլոր բառերը, սակայն այլ ոլորտներին առնչվող բառեր ու նախադասություններ դժվարանում է արտասանել:

Նա իրեն հարազատ է զգում ռեստորանի աշխատակիցների հետ, ովքեր դարձել են նրա փոքրիկ հայկական ընտանիքը և ցանկություն չունի մեկնելու Պեկին, քանի դեռ աշխատում է Երևանում:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարը՝ Կարապետ Սահակյանի

© Medialab.am