Առաջին փուլով կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել 1287 ուսուցիչ

Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման փորձնական ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել 1287 ուսուցիչ: Կամավոր ատեստավորմամբ առարկայական իրենց գիտելիքների ստուգման նպատակով թեստավորում անցնելու պատրաստակամություն են հայտնել համապատասխանաբար հայերենի 379, մաթեմատիկայի 331, պատմության 169, աշխարհագրության 95, կենսաբանության 109, քիմիայի 103, ֆիզիկայի 101 ուսուցիչներ:

Ըստ մարզերի` առավելագույն թվով դիմողները` շուրջ 350 ուսուցիչ, մայրաքաղաք Երևանից են: 

Արագածոտնի մարզից դիմել են 63, Արարատի մարզից` 89, Արամավիրի մարզից` 101, Գեղարքունիքից` 116, Կոտայքից` 112, Լոռիից` 126, Շիրակից` 137, Սյունիքից,                                                                                 Վայոց ձորից և Տավուշից համապատասխանաբար՝ 84, 20 և 89 ուսուցիչներ: 

Վերոնշյալ ուսուցիչները կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրվել են առաջին փուլում, որն ավարտվել է 2021 թվականի մայիսի 31-ին:

Այժմ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման հայտերի ներկայացման երկրորդ փուլ: 

Ուսուցիչները երկրորդ փուլով կամավոր ատեստավորման համար կարող են դիմել սույն թվականի հուլիսի 6-13-ը։

Պահանջվող փաստաթղթերն են

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի անունով՝ առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցելու պատրաստակամության մասին,
  • տեղեկանք, որտեղ նշվում է ուսուցչի դասավանդած առարկան, որից պատրաստվում է մասնակցել գիտելիքի ստուգմանը, դասարանները, որոնցում դասավանդում է, աշխատանքային ստաժը, ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը (մարզ, համայնք),
  • բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը:

Փաստաթղթերը կարելի է ներկայացնել առձեռն կամ էլեկտրոնային՝ [email protected] էլեկտրոնային հասցեով։

Հիշեցնենք, որ կամավոր ատեստավորմանը կարող են դիմել 7-12-րդ դասարաններում հայոց լեզու, գրականություն, հայ գրականություն, Հայոց պատմություն, հանրահաշիվ, երկրաչափություն, քիմիա, ֆիզիկա, աշխարհագրություն և կենսաբանություն դասավանդող ուսուցիչները։ 

Կամավոր ատեստավորման փորձնական ծրագիրն իրականացվում է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի ապրիլի 23-ի N 07-Լ հրամանով հաստատված «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման աշխատակարգի»:

Ուսուցիչների կամավոր ատեստավորման թեստավորման օրերը կսահմանվեն մինչև օգոստոսի 20-ը և կհրապարակվեն ԿԳՄՍ նախարարության և ԳԹԿ կայքերում: Առարկայական գիտելիքների ստուգման քննությունները կանցկացվեն սեպտեմբերին։

Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։