Վերջին տարիների մենություն. անցյալի ու ներկայի խաչվող հուշերում ծերանոցի բնակիչներն ամեն օր սպասում են

Նրանք հաճախ վիճում են, բամբասում, երբեմն սիրահարվում ու ամուսնանում: Ամեն մեկը` իր ցավով, հիվանդություններով, ուրախությամբ, բայց բոլորին միավորում ու կապում է մի բան. կարոտը դեպի անցյալը, դեպի հարազատները, տունը, շրջապատը:
Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում 275 ծեր է ապրում: Շենքի խնամված բակում ծաղիկներ կան, տաղավարներ ու նոր ներկված կանաչ նստարաններ:
Երկրորդ հարկում ապրող 73-ամյա Վոլոդյա Աղամալյանը երազում է ԱՄՆ վերադառնալ. հինգ տարի ապրել է, բայց դուրը չի եկել ու հայրենիք է վերադարձել. «Էշ էի, էշ»,- ասում է նա: Ամերիկայում բնակվող երեխաների ու կնոջ մասին խոսելիս աչքերը լցնում է, բայց ամոթ է, ախր, հուզվել չի կարելի. փոխում է խոսակցության թեման ու պատմում Լաս Վեգասում անցկացրած երջանիկ օրերի մասին. «Օր էր լինում` 300 դոլար կես ժամում տարվում էի»:

«Ի՞նչ էիր աշխատում, որ էդքա~ն փող ունեիր»,- հարցնում է Վովային հեռվից մոտեցող Մկրտիչ պապը, ծիծաղում քթի տակ` Մինիստրների սովետի նախագահ:

Վոլոդյան նեղանում է ընկերոջից` իրեն ձեռք առավ. «Էտի կարգին չի տեսնում, իրա ճաշը կբարձրացնեն վերև, եկեք մենք գնանք ուտելու»,- ցուցադրաբար շրջվում է ու հեռանում նա:

Այնինչ Մկրտիչ պապը մի քիչ էլ կուզեր լսել հեռավոր Ամերիկայի բարքերի, սովորությունների մասին, ախր, երեք երեխաներն այնտեղ են ապրում: Երեխաների մասին խոսելիս տարիների ընթացքում կուրացած աչքերում արցունքներ են հայտնվում:

Ճաշարանի ճանապարհը բռնածների ձեռքերին չկոտրվող ափսեներ են. ծերանոցի այն բնակիչներն են, ովքեր ի վիճակի են քայլելու, մյուսներին ուտելիքը աշխատակիցները սենյակ են բերում:

Ճաշարանում ծերերը նստում են սեղանների մոտ ու սպասում, մատուցողը հերթով վերցնում է ամանները` ուտելիքով վերադարձնում: Որոշ ծերեր անհամբեր են. դժգոհում են` իրենց ամանները ուշացնում են, ոմանք շատ գոհ են ու չեն ափսոսում օրհնանքի խոսքերը: Մի կին էլ դիմացն է դրել ուտելիքով լիքը լցրած ափսեն, խեղճ-խեղճ նայում է ափսեին ու ասում. «Մեկ է` հիվանդ եմ, ինչի՞ ուտեմ»:

Այսօրվա ճաշացանկում սիսեռով, հավով ապուր է, տապակած կարտոֆիլ, խոզի միս, պոմիդոր-վարունգով աղցան և ողկույզներով խաղող:

Տուն-ինտերնատում մեկ ամիս է` ինչ նոր տնօրեն ունեն:

«Բրլյանտ ա, բրլյանտ մեր տնօրենը, մեզ ա´յ սենց ա պահում»,- գոհունակությամբ բութ մատն է պարզում Աղավնի Զաքարյանը:

Ճաշարան գալուց առաջ կանայք անպայման իրենց նայում են հայելու մեջ, շատերը սիրում են ուլունք կրել, մի քանիսն էլ կարմիր շրթներկ ունեն: Տղամարդիկ էլ կոկիկ են հագնվում. ո՞վ գիտե, գուցե միապաղաղ կյանքի մեջ փոփոխություն լինի ու անկողինը կիսող գտնվի:

Սալաթ Գաբրիելյանն ու Վաչագան Վեդոյանն այստեղ են ամուսնացել: Նրանց սենյակում մահճակալները միացված են իրար, ու սենյակն ավելի շուտ տուն է հիշեցնում, քան կացարան: Մահճակալի կողքին դրված պահարանի գլխին Սալաթը ամուսնուց թաքուն պահում է վարդագույն մի տոպրակ, որի մեջ նախկին ամուսնու և իր լուսանկարն է:

Սալաթն էլ երեք երեխա ունի` երկու տղա, մեկ աղջիկ, թոռներ: Իր երկրորդ ամուսնությունը Սալաթն ընտանիքից թաքուն է պահում, մի քանի օր առաջ թոռները տեսության էին եկել, տեսնելով տղամարդու կոստյումն ու գլխարկը` զարմացել էին:

«Լավ ա` Վաչոն տանը չէր, թոռներիս ասեցի, որ իմ սենյակի ընկերուհին տարօրինակ ա, սիրում ա տղամարդու պես հագնվել»,- ծիծաղում է Սալաթը:

Յոթերորդ տասնամյակ ոտք դրած Սալաթն ու ամուսինը տուն-ինտերնատում հայտնի են իրենց խանդի դրսևորումներով:

«Սալաթը չպտի ուրիշ տղամարդու հետ շփվի, Սալաթը միշտ Վաչեի կանտրոլի տակ ա»,- պատմում է տնտեսվար Վանուշ Մխեյանը:

Ուրախ ու ժպտերես Սալաթը ընտանիքի մասին հիշելիս մեկ էլ հանկարծ դառնանում է, դառնում նյարդային:

«Ընչի՞ ենք մեծանում, ես կուզեմ մեռնել: Մահ` նշանակում ա խաղաղություն, հանգիստ, ոչ մի ցավ, ոչ մի հուշ: Հող եմ ուզում դառնալ»,- նեղվում է նա:

«Ո՞ւմ ա պետք սրանց ամուսնանալը` էսօր ամուսնանում են, վաղը` բաժանվում»,-ասում է 90-ամյա Սաթենիկ Վարդանյանը:

Սաթիկ տատին այստեղ հարգում են բոլորը` առաքինի, հավասարակշռված, բծախնդիր, թախիծը դեմքին: Նա միակն է այստեղի ծերերից, ում զավակները բերելուց տարիներ հետո տուն են տարել, բայց Սաթիկ տատն ինքը որոշել է հետ վերադառնալ:

«Էս ճանապարհը չիմանայի»,- հուզվում է նա:

Ինը տարի առաջ անծանոթ մի մարդ, առանց զգուշացնելու, իրեն այստեղ բերեց, ու նա երեխաներին չի ներում:

Երեք որդի ունի, համոզված է, որ եթե աղջիկ ունենար, ամեն ինչ այլ կլիներ: Սաթիկ տատը երկար տարիներ աշխատել է «Արարատ» ռեստորանում` որպես շեֆ խոհարարի օգնական:

Նա վերմակը կոկին ծալում է ու դնում լավ հարդարված բարձի կողքին: Սաթիկ տատը չի սիրում, երբ իրեն հուզված են տեսնում, նրա բարեկամներից շատերը գիտեն, թե մահացել է` անպատվաբեր է համարում այստեղ հայտնվելը:

Ինքն իր մասին ասում է, որ խստաբարո է, տղաներին էլ արգելել է իրեն տեսակցության գալը. «Ձեզ պետք էի, ձեր մոտ պահեիք, հիմա մի´ք գա»:

Սաթիկ տատի սենյակի հարևանուհին Զոյան է. փոքրիկ աղջնակի նման միշտ ժպիտը դեմքին Զոյան հաճախ չգիտի ինչ պատասխանել` հիշողությունը լավ չի:

Կապույտ աչքերով Զոյային Սաթիկ տատը հաճախ է նկատողություն անում, սովորեցնում` ինչպես հագնվել:

«Հաճելի ընկերակից ա, բայց շատ երես չեմ տալիս»,- ասում նա:

Զոյան փափուկ կապույտ նապաստակ խաղալիք ունի, մահճակալի մոտ է պահում: Շամշադինից է, ունի եղբայր, քույր, որքան հիշում է` մոտ 12 տարի է, ինչ այստեղ է, բայց հարազատները երբեք այցելության չեն եկել:

Երջանիկ Զաքարյանը դժգոհ է այստեղի կյանքից, աշխատողներից, նա իր ծոցատետրում պահում է Հովհաննես Շիրազի տան հեռախոսահամարը. «Ինքն ա ինձ տվել»: Նաև Մհեր Մկրտչյանի լուսանկարը, հետևում գրված` Երջոյին Ֆրունզից:

Երջանիկն աշխատել է «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում` որպես լրագրող: Ուրիշ, ավելի երջանիկ կյանքի ձգտող Երջանիկը նույնիսկ հաց չի սիրում ուտել այստեղ: Փոքրիկ կանաչ ամանը տոպրակի մեջ դրած իջնում է ճաշարան, պտտվում-պտտվում ու քաղցած բարձրանում վերև, եթե իր չսիրած մատուցողուհին է լինում:

Երեկոյան, երբ շոգ արևը հեռանում է, ու մայրամուտն իր կարմիր շողերով լուսավորում է տուն-ինտերնատի բակը, ծերերը նստում են նոր ներկած կանաչ նստարաններին ու երազում:

Արփի Մաղաքյան

Լուսանկարները` Իննա Մխիթարյանի

© Medialab.am