Խնձորուտի խմելու ջրագծի վերակառուցում` 16 մլն. դրամով

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Համաշխարհային բանկի վարկային միջոցներով,  ՀՀ կառավարության և Զառիթափ խոշորացված համայնքի  համաֆինանսավորմամբ՝ ընդհանուր  շուրջ  16 մլն. դրամով վերակառուցել է Վայոց ձորի մարզի Զառիթափ խոշորացված համայնքի Խնձորուտ բնակավայրի ջրաղբյուրը և խմելու ջրագիծը:

Խնձորուտ բնակավայրի ջրամատակարարման համակարգը սպասարկվում է համայնքի կողմից: Տարիների ընթացքում կատարվել են ինչպես վերակառուցման, այնպես էլ նորոգման և վերանորոգման աշխատանքներ, սակայն համակարգն ամբողջությամբ չի ենթարկվել վերակառուցման: Ծրագրով իրականացվել է աղբյուրակապի վերանորոգում, շուրջը սանիտարական գոտու ստեղծում և արտաքին ցանցի կառուցում` պոլիէթիլենային և պողպատե խողովակներով, որոնց երկարությունը 1165 մետր է: 

Այսօր արդեն համայնքի 554 բնակիչներից 300-ը օգտվում են խմելու ջրից: Նախկինում ջրի սակավություն էր. խողովակաշարի որոշ հատվածների և աղբյուրակապի անմխիթար լինելու պատճառով՝ ջուրը լիարժեք չէր հասնում Խնձորուտ բնակավայր: Այժմ ջրամատակարարումն իրականացվում է շուրջօրյա։