«Նախագահի գլխավորությամբ պատվիրակությանը Փաշինյանն օգտագործել է մեր գլխի տակ փափուկ բարձ դնելու համար». Մետաքսե Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը

– Տիկի՛ն Հակոբյան, Արցախի պատվիրակությունը եկավ Հայաստան, հանդիպեց բարձրաստիճան պաշտոնյաների հետ, բայց հանրությունն այդպես էլ ըստ էության չիմացավ՝ ինչ է քննարկվել ու ինչ է սպասվում: Նախագահ Արայիկ Հարությունյանի ու խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հանդիպման ժամանակ ձեզ այդ հանդիպումների մանրամասները ներկայացվե՞լ են, ի վերջո, բոլոր մտահոգությունները փարատվեցի՞ն:

– Արայիկ Հարությունյանը հանդիպման ժամանակ, մեծ հաշվով, մեզ ներկայացրեց վերջին մեկ տարվա խրոնոլոգիան և ուրիշ ոչինչ: Անկեղծ ասած, այլ ակնկալիքներ չունեինք էլ: Ներկայացնելիս բոլորի համար պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը պատվիրակությանն ուղղակի համոզել է, թե փորձելու է ինչ-որ բան անել, բայց ի՞նչ են անելու, ինչպե՞ս՝ ոչինչ չէր ասել:

Ցավով եմ նշում, բայց նախագահի գլխավորությամբ այդ պատվիրակությանը Նիկոլ Փաշինյանը օգտագործել է մեր գլխի տակ փափուկ բարձ դնելու համար: Բայց քանի որ արդեն բավականաչափ կոփված ենք ու շատ լավ տեսնում ենք կատարվողը, բնականաբար, մենք այդ խոստումներին չենք հավատացել:

Հանդիպման ձևաչափն էլ մի տեսակ անհասկանալի էր, դրա համար էլ մենք փոխեցինք ուղղությունը, համենայնդեպս, մեր խմբակցությունը որոշեց, որ իր դիրքորոշումը պետք է հայտնի, և դրան զուգահեռ առաջարկել ենք Արայիկ Հարությունյանին ի վերջո գնահատական տալ ու դիրքորոշում հայտնել, որ մենք հասկանանք՝ Արցախի Հանրապետության նախագահը ժողովրդի հե՞տ է, թե՞ ոչ: Արայիկ Հարությունյանից լսեցինք, որ ամեն բան պետք է արվի Արցախը պահելու համար, բայց կոնկրետ օրակարգ, այդ անելիքների հերթականություն և այլն, բնականաբար, չասվեց, խնդրեց, որ ինքը գնահատականներ չտա տեղի ունեցող գործընթացներին:

– Երբ ասում եք, որ և՛ Հայաստանի ղեկավարը, և՛ Արցախի ղեկավարն ասել են, թե «պետք է մի բան անենք Արցախը պահելու համար», դա ի՞նչ է ենթադրում, որ Արցախը պետք է ճանաչվի Ադրբեջանի մաս, ու հիմա նոր ինչ-որ բա՞ն են մտածում անել, թե՞ այլ խնդիր կա:

– Դրանից կարելի է առանց վարանելու հստակ եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանի ու իր վարչախմբի այսօրվա օրակարգն է՝ «Արցախը տանք, փրկենք Հայաստանը»: Շատ դեպքերում էլ հակառակ կողմից, այսինքն՝ Արցախով անհանգստացածներից էլ լսում ես մեկ այլ վտանգավոր թեզ, որ «Հայաստանն ինչ ուզում է թող անի, մենք էլ փորձենք ռուսների միջոցով Արցախը փրկել»:

Այս երկու թեզերն էլ ամենավտանգավորն են, որոնք ի հայտ եկան վերջին հանդիպումների որոշումներից, երբ իրենք բացատրում են, դու հասկանում ես, որ սա է ենթատեքստը: Սա, իհարկե, կեղծ օրակարգ է, մենք բազմիցս ենք ասել՝ կա՛մ Արցախն ու Հայաստանը փրկվում են միասին, կա՛մ երկուսն էլ կործանվում են:

Երբ հայկական կողմն ասում է, թե ինչ-որ բան են անելու, նկատի չունեն դիտարկել մեր ինքնորոշման իրավունքը, որն անբեկանելի է, միջազգայնորեն ամրագրված իրավունք է, ու ցավալին այն է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են խեղաթյուրել սա, ուղղակի չխոսել այս մասին, այնինչ սրանով կարելի է շատ բաների հասնել:

Այդ «ինչ-որ բան անելու» էությունն այն է, որ մենք խնդրենք Ադրբեջանին, որ մեզ դիտարկեն որպես փոքրամասնություն, թույլ տրվի ունենալ ինչ-որ իրավունքներ ու այս ամենը՝ առանց անվտանգության հստակ երաշխիքների: Իրենք չեն էլ թաքցնում, որ աշխատում են միայն այս ուղղությամբ:

Այո՛, կա պայմանավորվածություն, որ Արցախը տան, փրկեն Հայաստանը, բայց մենք տեսանք, չէ՞, թե դրան ինչպես են արձագանքում Ադրբեջանը, Թուրքիան, լսում ենք, չէ՞, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված նրանց հայտարարությունները, այսինքն՝ նրանց պահանջները վերաբերում են ոչ միայն Արցախին, այլ նաև Սյունիքին: Թուրք-ադրբեջանական պահանջները շատ հստակ դրված են Հայաստանի իշխանությունների առաջ, դրա համար էլ մի օր վազում են Ռուսաստան, մի օր՝ Բրյուսել, ինչի արդյունքն էլ տեսնում ենք:

– Տիկի՛ն Հակոբյան, երբ Արցախի նախագահը հրաժարվում է դիրքորոշում հայտնելուց, գնահատականներ հնչեցնելուց, նշանակում է, որ համաձա՞յն է Հայաստանի իշխանության հետ, թե՞ վախեր ունի վերջիններից:

– Որ վախեր կան, միանշանակ է այն առումով, որ կա պայման սոցիալական աջակցության մասով: Շատ դեպքերում, երբ հարցն արդեն հասնում է կրիտիկական կետին, երբ բոլոր քաղաքական ուժերը Հարությունյանից պահանջում են դիրքորոշում, նա անմիջապես մեջբերում է, որ «այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը ֆինանսական միջոցներից կզրկի»:

Իհարկե մենք ամեն անգամ ասում ենք, որ այդ գումարը Փաշինյանի գրպանից չի տրվում Արցախին, դա պետությանն է, ու հնարավոր չէ այդ ֆինանսական միջոցները չտալ, իսկ այն ավել մասը, որ տալիս է, իր պարտականությունն է, որովհետև իր մեղքով է, որ այսօր 40000-ից ավելի մարդ տնավեր է դարձել: Սոցիալական խնդիրներով վախեցնելն անհեթեթություն է, բայց պատճառաբանությունը հիմնականում դա է:

Լսում ենք, որ մենք ունենք մեր ուղղությունը, որն է՝ ընկալել Ռուսաստանի վարած քաղաքականությունը, որովհետև գոնե մենք շատ պարզ գիտակցում ենք, որ այսօր Արցախում կարողանում ենք քիչ թե շատ անվտանգ տեղաշարժվել, ապրել, որովհետև ռուս խաղաղապահը մեր զինվորի հետ միասին պաշտպանում է մեր անվտանգությունը, ու մենք չենք դիտարկում այլ վեկտորներ:

Արայիկ Հարությունյանի դիրքորոշումներից մեկը սա է, ցավալին այն է, որ նա դեռ Հայաստանի իշխանությունների մասով դիրքորոշում չի արտահայտել, բայց մենք ասել ենք, որ նախագահի հետ, թե առանց նրա, ժողովրդական շարժումը հաստատ լինելու է, որովհետև այլ տարբերակ մենք չենք տեսնում, քան Արցախից հզոր ալիքով սկսելը, որը վարակիչ կլինի ու կտեղափոխվի նաև Հայաստան ու սփյուռք:

– Այսօր ընդդիմությունը, համենայնդեպս ձեր խմբակցությունը, աշխատո՞ւմ է այդ ուղղությամբ:

– Այո՛, դեռ ամիսներ առաջ ենք հայտարարել, որ կուսակցությունը միանում է ժողովրդի շարժմանը: Կոչ ենք արել միանալ այդ շարժմանը՝ մի կողմ դնելով բոլոր տարաձայնություններն ու հակասությունները և ունենալ մեկ գաղափար՝ հանուն Արցախի պաշտպանության, որովհետև մենք գիտակցում ենք, որ երբ կարողանանք պաշտպանել Արցախը, նկատի չունեմ էս պահին զենքը, այլ ժողովրդական ճնշմամբ պահանջել մեր միջազգային իրավունքի կատարումը, ապա դրանով միանշանակ կարողանալու ենք փրկել Հայաստանը, որովհետև մենք շատ լավ գիտակցում ենք, որ, իսկապես, չի կարող Արցախը Ադրբեջանին բռնակցելու պարագայում Հայաստանը փրկվել, ու այդ պարագայում մենք շատ արագ տեսնելու ենք հայկական երկու պետությունների կործանումը, ինչը թույլ տալը հանցագործություն կլինի:

Արդեն իսկ երեկվանից մենք այդ հանդիպումները պլանավորել ենք, հանդիպում ենք համակարգողներով, որպեսզի հասկանանք, թե առաջիկայում ինչ ծավալով ենք կարողանում մեկնարկել:

 Տիկի՛ն Հակոբյան, Ռուսաստանի օգնությամբ Արցախի փրկությունն ինչպե՞ս եք պատկերացնում, եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվի Արցախից:

– Կոնկրետ մեր քաղաքական ուժը երբևէ չի դիտարկում Հայաստանից անջատվելը, որովհետև մենք Հայաստանը երբեք չենք նույնականացրել Նիկոլ Փաշինյանի հետ: Արցախն ուղղակի հայտնվել է մի իրավիճակում, երբ Հայաստանում կան այնպիսի իշխանություններ, որոնք առանց թաքցնելու ասում են, որ Հայաստանն այլևս չի կարող երաշխավորել Արցախի անվտանգությունը:

Իհարկե մենք լավ գիտակցում ենք, որ նման բան ասողը չի կարող երաշխավորել նաև Հայաստանի անվտանգությունը:

Մենք Արցախը չենք դիտարկում առանձին միավոր, մենք ուղղակի հասկանում ենք, որ Հայաստանի իշխանության վարած քաղաքական կուրսը կործանարար է, ու մենք հստակ պետք է վեկտոր ունենանք: Այս պահին այդ վեկտորը մեզ համար Ռուսաստանն է, որովհետև մյուս բոլոր ձևաչափերը ծուղակ են և՛ Հայաստանի, և՛ Արցախի համար:

Մեր արտաքին քաղաքականությունը առանձին դիտարկելու հնարավորություն գոնե ունենք, բայց ոչ Հայաստանից անջատ, ո՛չ, մենք դա երբևէ չենք դիտարկել ու չենք պատրաստվում մեզ հանձնել մեկ այլ պետության, խոսքը քաղաքականություն վարելու, մեկ այլ պետության հետ համագործակցության մասին է:

Մեր գաղափարը, մեր երազանքը նույնն է՝ Հայաստանի հետ լինել մեկ միավոր: Այս պահին դիտարկվում են փրկության տարբերակները Ադրբեջանին չբռնակցվելու համար, բայց ոչ երբեք այլ պետությանը միանալու գնով, այլ Հայաստանի հետ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am