Օր իններորդ. Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրվեց

Օր իններորդ. Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրվեց
Օր իններորդ. Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրվեց

Այսօր, ինչպես եւ նախատեսվում էր, Ազատության հրապարակում հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանի համար վերջապես հաջողվել է փոքրիկ վրան տեղադրել:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ  Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակում արդեն 9-րդ օրն է ինչ հացադուլ է հայտարարել` անվանելով այն «Ծոմ ազատության»:

Անձրեւի, արեւի տակ եռագույնի ներքո հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանը, որը տասնհինգ կետից բաղկացած պահանջագիր է ներկայացրել` ներառյալ նախագահի հրաժարականը, ոստիկաններն արգելել էին նույնիսկ հովանոց տեղադրել:

Երեկ, մի շարք ՀԿ-ներ եւ քաղաքացիներ Սերժ Սարգսյանից պահանջել էին  կատարել հացադուլի մեջ գտնվողի հանդեպ պարտավորությունը եւ ապահովել վրանի տեղադրումը:

Այդ մասին խոսել է նաեւ նորանշանակ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը` կոչ անելով ՀՀ ոստիկանությանը թույլատրել վրանի կամ հովանոցի տեղադրումը: Նա նշել է, որ անձի կողմից մեկ վրանի տեղադրումը որպես ոչ զանգվածային հրապարակային միջոցառմանը ուղեկցող գործողություն` ինքնին չի կարող որակվել որպես հասարակական կարգի խախտում:

«Այս եզրակացությունը բխում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված` վտանգի տակ գտնվող անձի կյանքի պաշտպանության համար գործնական կանխարգելիչ միջոցներ կիրառելու պետության պոզիտիվ պարտավորության բովանդակությունից, առողջության պահպանման իրավունքի ապահովման` պետության համապատասխան պոզիտիվ պարտավորություններից, ինչպես նաև այն հանգամանքից, որ ՀՀ օրենսդրության մեջ բացակայում է հրապարակային միջոցառում իրականացնելիս վրաններ կամ այլ ժամանակավոր կառույցներ տեղադրելու վերաբերյալ արգելքի մասին դրույթը»,- հայտարարել  է Կարեն Անդրեասյանը:

© Medialab.am