Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արձագանքել է իր հասցեին հնչած մարտիմեկյան իրադարձությունների զոհերի ծնողների մեղադրանքներին`ստեղծված իրավիճակը ուղղակիրոեն կապելով ՀԱԿ-ի կողմից տրամադրություններ ստեղծելու հետ:
Տեղեկացնենք, որ այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ մարտի 1-ի զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրն ասել է, թե ՀԱԿ-ից ոչ բոլորն են պայքարում մարտի 1-ի համար` նշելով Նիկոլ Փաշինյանի եւ Ալեքսան Արզումանյանի անունները: Նա հավելել է, որ նրանք, ովքեր բաժանվեցին ՀԱԿ-ից, նույնիսկ իրենց տան, իր որդու գերեզմանի տեղը չգիտեն:
Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
«Ինձ համար ամենաեղկելի բանն այն է, որ ձեզ հայտնի մարդիկ փորձում են Մարտի 1-ի զոհերի ծնողներին տրամադրել իմ դեմ, նրանց հավատացնելով, որ ես, օրինակ, Մարտի 1-ի հարցը չեմ բարձրացնում:
Սա այն դեպքում, երբ ընդամենը մի քանի օր առաջ ԱԺ օրակարգ էի փորձում մտցնել մի նախագիծ, որի առաջին կետում որպես Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու թիվ 1 հիմք նշվում է Մարտի 1-ի ոճրագործությունը, սպանությունների կոծկումը եւ որին դեմ արտահայտվեցին Հայ ազգային կոնգրեսի պատգամավորները:
Հայ ազգային կոնգրես կուսակցության ղեկավարները, որ մարտիմեկյան ոճրագործների հետ մեղրամիս էին ապրում, մարդասպաններին ինդուլգենցիաներ բաժանում՝ որոշել են իրենց կենսագրությունը մոռացությա՞ն մատնել Մարտի 1-ի մասին հանկարծ վերհիշելով:
Գլուխ եմ խոնարհում Մարտի 1-ի զոհերի, նրանց ծնողների ու զավակների առջև: Գլուխ եմ խոնարհում Վաչագան Ֆարմանյանի եւ նրա զոհված որդու առջև:
Կարծում եմ ճիշտ չէ հաշվարկի մեջ մտնելը, թե ում գերեզմանում քանի անգամ եմ եղել: Բայց եթե սա է չափանիշը, թող պարոն Ֆարմանյանն ասի՝ իր որդու կամ Մարտի 1-ի որեւէ զոհի գերեզմանին քանի՞ անգամ է այցելել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Նախորդ Մարտի 1-ից հետո ունեցած ելույթներում, հոդվածներում, հարցազրույցներում քանի՞ անգամ է Մարտի 1-ի մասին հիշել Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Հարկ եմ համարում նաեւ ընգծել՝ Հայ ազգային կոնգրեսի եւ անձամբ նրա ղեկավարի կողմից կազմակերպվող բերիական ոճի այս հարձակումները ընդամենը կարեկցանք են առաջացնում՝ ուրիշների ետեւում թաքնվելու շարունակական եւ երկչոտ գործելակերպի կապակցությամբ»:
© Medialab.am