Համատարած թեստավորման մասին․ ԱԺ պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է համատարած թեստավորմանը․

«Երբեմն հնչում է առաջարկ բազում անգամներով շատացնել կատարվող թեստերի քանակը կամ իրագործել այսպես կոչված համատարած թեստավորում։ Երբեմն նաև հնչում է անհատական հարց՝ եթե ես շփվել եմ վարկակրի հետ կամ ունեմ ախտանիշներ, ինչո՞ւ ինձ անպայմանորեն չեն թեստավորում։

Այս առաջարկը գնահատելու համար հարկավոր է հաշվի առնել մի հանգամանք։

Եթե նույնիսկ մարդը արդեն կրում է վիրուսը, նրա մարմնում այն կարող է անցնել 1֊14 օր ինկուբացիոն շրջան։ Այս ընթացքում, եթե նույնիսկ մարդուն ամեն օր թեստ անեն, այն կարող է բացասական լինել, իսկ 14֊րդ օրը, երբ վիրուսի քանակը հասնի թեստավորման շեմին, այն կարող է արձանագրվել։

Այստեղից է նաև երբեմն բխում պարետատան ցուցումը՝ ինքնամեկուսանալ, սակայն ոչ անպայմանորեն թեստավորում անցնել։

Այսինքն թեստավորման համար անհրաժեշտ է ցուցում, որը առաջանում է մի քանի հանգամանքների համադրությունից՝ շփում վարակակրի հետ և որքան սերտ, ախտանիշներ և որքան վառ արտահայտված, ինկուբացիոն շրջանի ավարտ։ Այս և այլ հանգամանքների համադրությունից է թեստը դառնում իմաստալից։

Այս ամենի հետ մեկտեղ Հայաստանը արդեն ստացել է 60,000 թեստ, շուտով կստանա ևս 20,000 թեստ և ձեռք կբերի 100,000 թեստ իրականացնելու հումք»։