Հայաստանը բոլոր միջազգային շփումներում բարձրացնում է հայ ռազմագերիների հարցը. Արա Այվազյան

Հայաստանը բոլոր միջազգային կառույցներում, միջազգային շփումներում մշտական կերպով բարձրացնում է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հարցը, այն ստվերում չի մնացել:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով «Իմ քայլ»-ից Տաթևիկ Հայրապետյանի դիտարկմանը, որ Ադրբեջանը անտեսում է միջազգային հանրության կոչերը՝ ռազմագերիների վերադարձի առումով:

Այվազյանը նկատեց, որ վերջին օրերին իրավիճակի սրումը տպավորություն կարող է ստեղծել, որ ռազմագերիների հարցը մնացել է ստվերում:

«Ես ուզում եմ վստահեցնել, որ մշտական սկզբունքով մենք մեր բոլոր միջազգային շփումներում, միջազգային կազմակերպություններում բարձրաձայնում ենք այդ հարցը և նշում ենք, որ Ադրբեջանը պետք է կատարի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ այդ թվում անհապաղ, շուտափույթ հայրենադարձնի մեր ռազմագերիներին»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Նա հավելեց, որ միջազգային ճնշումը օրեցօր աճում է, կարծես թե կա միջազգային կոնսեսուս  այս հարցի վերաբերյալ:

«Եվ ես կարծում եմ, որ պահը կգա, երբ Ադրբեջանը չի կարողանա հերքել այս միջազգային աճող ճնշումը՝ տարբեր հարցերի կապակցությամբ՝ սկսած մարդասիրական բնույթից մինչև Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցելու իր փորձը և դուրս գալու հրաժարումը»,-ասաց Այվազյանը՝ վստահեցնելով, որ Հայաստանը շարունակելու է շատ հետևողականորեն, նպատակաուղղված այդ հարցը տանել առաջ, հակառակ պարագայում Ադրբեջանը կարող է առճակատվել շատ ավելի լուրջ հետևանքների:

Այվազյանը նկատեց նաև, որ միջազգային արձագանքը շատ խոսուն է, նաև տարածաշրջանի գործընկերները իրենց սկզբունքային դիրքորոշումը հայտնել են:

Նա Իրանի ԱԳ նախարարի այցը համարեց ցուցիչ, որ Իրանը նույնպես մտահոգված է Ադրբեջանի այս սադրիչ գործողությունների հետևանքով տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցով: Ըստ Այվազյանի՝ Հայաստանն ու Իրանը նույն ծիրի մեջ են:

«Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է նաև մեր հարևան երկրի համար»,-ասաց նա:

Թեև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 8-րդ կետով հստակ շեշտվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, սակայն Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է այս գործընթացը՝ ամբողջությամբ հետ չվերադարձնելով հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց: