Միլիոնավոր մարդիկ օգոստոսի 12-ին Եվրոպայի տարբեր հատվածներում հավաքվել են դիտելու արևի խավարումը։ Ամբողջական խավարումը տեսանելի է եղել Գրենլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի որոշ հատվածներում, իսկ Եվրոպայի մեծ մասում՝ որպես մասնակի խավարում։
Ինչպես գրում է The Guardian-ը, խավարման լավագույն դիտակետերը դարձել էին զբոսաշրջային կենտրոններ․ Իսլանդիա էր ժամանել 31 զբոսանավ՝ ավելի քան 50 հազար ուղևորով, իսկ Իսպանիան ընդունել էր շուրջ 450 հազար զբոսաշրջիկի։ Որոշ բնակավայրերում կազմակերպվել էին հատուկ միջոցառումներ և փառատոներ, այդ թվում՝ Իսլանդիայում Բյորկի մասնակցությամբ երաժշտական ծրագիր։
Խավարման պահին մի շարք վայրերում նկատվել է ջերմաստիճանի անկում, թռչունները լռել են, իսկ երկինքը կարճ ժամանակով մթնել է։ Իսպանիայում հազարավոր մարդիկ հավաքվել են քաղաքներում և գյուղական շրջաններում, իսկ որոշ դիտորդներ հատուկ երկար ճանապարհ են անցել՝ ամբողջական խավարման գոտի հասնելու համար։
Երևույթին հետևել է նաև NASA-ն՝ օգտագործելով ինքնաթիռներ և մթնոլորտային օդապարիկներ, իսկ իսպանական Iberia ավիաընկերությունը խավարման պահը հեռարձակել է բարձրության վրա իրականացվող հատուկ չվերթից։



















