«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը
– Տիկի՛ն Սամսոնյան, մի քանի օր է չեն դադարում քննարկումները իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի՝ «Անկախ մարդու կրծքերի զբաղվածությունից, չի կարող այնպես լինել, որ մարդը կատարի օրենքով արգելված արարք՝ քրեական և, հղում անելով իր կրծքերին, ասի՝ ինձ չպետք է ձերբակալեն։ Երբեք կրծքերը և նրանց կիրառելիությունը կոնկրետ իրավիճակներում չեն կարող ինդուլգենցիա լինել» արտահայտության վերաբերյալ, որը հնչեցրել է՝ կրծքով կերակրող մորը բերման ենթարկելու փաստին անդրադառնալիս: Պատգամավորն արդեն ներողություն խնդրել է, բայց՝ անկախ դրանից, ինչպե՞ս եք գնահատում նման խոսույթը:
– Չի կարելի անընդհատ դրսևորել հակահանրային վարքագիծ, անընդհատ հայհոյանք ու վիրավորանք հնչեցնել, օգտագործել ոչ քաղաքական խոսույթ ու դրա համար ներողություն խնդրել ու ներվել: Սա շատ վտանգավոր է, որովհետև երբ հանրային պաշտոնյային անընդհատ ներում են իր սխալ գործողությունների համար, նա ոչ թե ուղղում է իր գործողությունները, այլ մտածում է, որ այդպես էլ պետք է լիներ, ու ավելի շատ է ցուցաբերում ոչ քաղաքական վարքագիծ:
Անձամբ ես շատ վաղուց ՔՊ-ից ադեկվատ ու հավասարակշռված քաղաքական խոսույթ, այն էլ ընտրությունների ժամանակ, չեմ սպասում, բայց ուզում եմ շեշտել այն հանգամանքը, որ ՔՊ կանայք շատ լավ են միջազգային հարթակներում կանանց իրավունքների մասին խոսելիս, գեղեցիկ բառեր կիրառելով ցույց տալու իրենց ակադեմիական գիտելիքները, բայց բովանդակային առումով այդ արժեհամակարգը պահելու և պահպանելու մասով զրո են: Այսինքն՝ կա ձև, բայց բացակայում է բովանդակությունը:
Քանի կա այս իշխանությունը, կանանց իրավունքների մասին խոսելն ավելորդ է, որովհետև մենք տեսնում ենք, որ այդ նույն իրավունքների մասին խոսողները չեն պատրաստվում այդ իրավունքները պաշտպանել, եթե խոսքն իրենց կամ իրենց հարող մարդկանց մասին չէ: ՔՊ-ն մշտապես առաջնորդվում է երկակի ստանդարտներով, երբ Սամվել Կարապետյանի որդին փոդքասթի ժամանակ վիրավորեց կանանց, մենք բոլորս դատապարտեցինք այդ խոսույթը, իսկ ՔՊ կանայք ոչ թե դատապարտեցին, այլ ուղղակի հարձակվեցին այդ երիտասարդի վրա: Ջուլհակյանի դեպքում ես չտեսա, որ որևէ ՔՊ-ական կին հնչեցներ դատապարտող հայտարարություն: Եվս մեկ անգամ կարող ենք փաստել, որ կա ձև, բայց ոչ բովանդակություն, գործում են երկակի ստանդարտներ, իսկ արժեհամակարգի մասին խոսելն ուղղակի ավելորդ է:
– Ինչո՞ւ ՔՊ-ից վաղուց չեք սպասում հավասարակշռված քաղաքական խոսույթ, ինչպես ասացիք:
– Մինչև իշխանության գալը ՔՊ-ն առաջնորդվել է հայհոյանքներով, վիրավորանքներով ու միշտ հատել է քաղաքականի ու անձնականի գիծը, վիրավորանքի և հայհոյանքի խոսույթն իրենք են բերել քաղաքականություն ու ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել դրան: Դրա համար ես չեմ զարմանում, որ ՀՀ վարչապետը կարող է իրեն թույլ տալ ՀՀ քաղաքացիների այն հատվածին, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ, անվանել «շուն ու շանգյալ»:
Սա խոսում է, որ այս մարդիկ վաղուց հատել են կարմիր գծերն այս իմաստով, ու ժողովրդի համբերության բաժակը մի օր լցվելու է: ՔՊ-ականների այս արտահայտությունները վկայությունն են այն բանի, որ իրենք դուրս չեն եկել ու դուրս չեն գալու «սևերի ու սպիտակների» տրամաբանությունից, որովհետև հարմար է պահել ու պահպանել այն, ինչի դեմ իրենք կռիվ են տվել ու հաղթել:
Իշխանությունը հիմա էլ նոր ռազմավարություն է ընտրել, որով խաբում է մարդկանց. հիմա էլ ասում են, թե նոր քաղաքական ուժերը այս պահին ունեն վարկանիշ, իրենք հավաքելու են ձեր ձայները ու վարչապետ են դարձնելու Ռոբերտ Քոչարյանին, նմանատիպ գովազդներ են արդեն շրջանառվում: Թե որքանով է իշխանության այս ռազմավարությունը մարդկանց վրա ազդում, պետք է հստակ սոցիոլոգիական հարցումներ արվեն, բայց բոլոր դեպքերում ազդեցություն ունենում է:
Ահա մարդկանց այս վախերը չեզոքացնելու համար պետք է աշխատի ընդդիմությունը ու մարդկանց բացատրի, որ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ չի դառնալու, ու դա ընդամենը ՔՊ-ի կողմից պատրաստված խայծ է: Մարդկանց երկու բանով է վախեցնում՝ պատերազմով ու Քոչարյանի վարչապետ դառնալով, սրա շուրջ ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է շատ լուրջ ու հետևողականորեն աշխատեն:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















