«Պլան Բ-ն այն է, որ Արցախի բնակչությունը պետք է պաշտպանի իր անկախությունը, ազատությունը, գոյությունը». Վահրամ Բալայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանը

– Պարո՛ն Բալայան, երեկ վարչապետը մի քանի հայտարարություն արեց Արցախին առնչվող, մասնավորապես, ասաց, որ Սոչիի եռակողմ հանդիպմանը Լեռնային Ղարաբաղից առաջարկ է փոխանցել այն մասին, որ Արցախում պատրաստ են հրաժարվել պաշտպանության բանակից ու այն փոխարինել ինքնապաշտպանության ստորաբաժանմամբ: Տեղյա՞կ եք ինչի մասին է խոսքը: 

– Որքան գիտեմ՝ արտգործնախարարությունն է ներկայացրել առաջարկ Լեռնային Ղարաբաղի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու մասին: Դրա նպատակը լարվածությունը թուլացնելը և խաղաղության գործընթաց սկսելու հնարավորություններ ստեղծելն է եղել: 

– Ապառազմականացված գոտին նաև ենթադրում է ռուս խաղաղապահներից հրաժարո՞ւմ:

– Ես որքան տեղյակ եմ, ռուս խաղաղապահներից հրաժարվելու հարց չի քննարկվել: Պարզապես դա նշանակում է, որ զորքերը պետք է հետ քաշվեն:

Ինչ վերաբերում է պաշտպանության բանակին, ապա դա ինչպե՞ս կարող է չլինել, դա մեզ համար մահ կլինի: Չունենալ բանակ, հակառակորդը քո դիմաց զինված կանգնած՝ դա կլինի մահ մեզ համար: Դա նշանակում է ժողովրդին տանել ոչնչացման: 

– Ընդհանուր առմամբ, ի՞նչ տրամադրություններ են Արցախում, Սոչիում, տարբեր տեսակետների համաձայն, ձախողում է եղել հայկական կողմի առաջարկների մասով, այդքանից հետո ինչպե՞ս են տրամադրված Արցախում:

– Իհարկե, սպասել, որ Սոչիում բոլոր հարցերը կլուծվեին, այդպես չէ: Խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է հարցերը կտրուկ դնեն ու ապահովեն լուծումներ, քանի որ դրված է նաև ժողովրդի գոյաբանական պայքարի հարցը: Այդ տեսանկյունից պետք է հարցերը ըստ էության քննարկվեն: 

Ինչ վերաբերում է Սոչիում խաղաղապահների տեղակայումն անժամկետ դարձնելու առաջարկին, այո, գիտենք, որ մերժվել է: Բայց, վերջիվերջո, այս պահին հիմնական երաշխավորը ռուս խաղաղապահն է, որ այսօր կանգնած է Արցախում: Կարծում եմ, իսկապես պետք է երկարացվի այդ ժամանակահատվածը, որպեսզի իրական խաղաղությունը պահպանվի: 

– Կա տեսակետ, որ Ռուսաստանը կարող է դուրս բերել խաղաղապահներին Արցախից՝ հաշվի առնելով ուկրաինական ճակատում անհաջողությունները: Այդ դեպքում կա՞ պլան Բ: Ի՞նչ կարող է լինել հետո:

– Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը Արցախի բնակչությունն է, հետո միայն՝ ռուս խաղաղապահները: Պլան Բ-ն այն է, որ Արցախի բնակչությունը պետք է իր անկախությունը, ազատությունը, գոյությունը, ինքնությունը… բոլոր առումներով պաշտպանի:

– Արցախում խաղաղապահների տեղակայման ժամկետների մասին Փաշինյանի և Ալիևի մեկնաբանությունները տարբեր են. առաջինն ասում է՝ իր ընկալումներով դրանք տեղակայվում են անժամկետ, իսկ երկրորդը նշում է ժամկետ՝ 2025 թվականը: Ինչպե՞ս հասկանալ այս ամենը, Արցախում ի՞նչ ընկալում կա այս հարցի շուրջ:

– Ըստ հայտարարության՝ եթե վեց ամսում մնացած կողմերից մեկը չի համաձայնում դրանց տեղակայման ժամկետը երկարացնելուն, ապա դրանք կարող են չմնալ տարածաշրջանում: Ադրբեջանն էլ էս գլխից հայտարարում է, որ դեմ է խաղաղապահների առաքելությունը շարունակվի 2025-ից հետո ևս: Համենայնդեպս, ես այդպես եմ հասկանում: Այսինքն՝ խնդիրը կա, և պետք է այս պահից սկսել քննարկել ու լուծում տալ դրան:

Շատ մտահոգիչ է, և, բնականաբար, Արցախում ապրող ամեն մարդ ապագայի հանդեպ լուրջ մտահոգություններ ունի: 

– Լուծումը Հայաստանի իշխանությունները համարում են խաղաղության պայմանագրի կնքումը: Ադրբեջանի նախագահի հատկապես վերջին հայտարարությունները, ըստ ձեզ, խաղաղության գնալու տեղ թողնո՞ւմ են:

– Իրավիճակներն այնքան արագ են փոխվում, որ անհնարին է գնահատական տալ Հայաստանում, Արցախում ու շուրջը տեղի ունեցող իրադարձություններին: Տարբեր հատվածներում կատարվող իրադարձությունները այս կամ այն ձևով գալիս ու առնչվում են տարածաշրջանին՝ Եվրոպայում էներգակիրների սակավության խնդիր, ռուս-ուկրաինական հակամարտություն և այլն: Կայուն ոչինչ չկա, և ստեղծվող իրավիճակին համարժեք պետք է արձագանքներ լինեն: 

– Իսկ ընդհանրապես, Արցախում հանրության շրջանում վախ կա՞ նման հայտարարություններից հետո: 

– Մտահոգություններ միշտ կան, բայց կա նաև մյուս հանգամանքը՝ մարդը չի պատրաստվում լքել իր հայրենիքը: Մարդիկ փորձում են իրենց ուժերի հնարավորությունների սահմաններում պահպանել իրենց երկիրը, իրենց տարածքը, ապրելու վայրը: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am