Հպարտ եմ, որ ոսկե մեդալ նվաճեցինք ապրիլի 24-ին. Հակոբ Սերոբյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն առանձնացնում է Արթուր Դավթյանի ապրիլի 24-ին նվաճած ոսկե մեդալը:

«Եվրոպայի այս առաջնությունը յուրահատուկ էր: Եվ ինձ համար, և մասնակից բոլոր անդամների համար: Պատերազմի ժամանակ ասում էի, որ մեր պատերազմն էլ այն կլինի, որ Եվրոպայի առաջնությունում կարողանանք հաղթել: Ինչը ստացվեց մեզ մոտ: Ես գոհ եմ և շնորհակալ եմ իմ տղաներին: Անսահման հպարտ եմ: Մեր տղաները շատ ազգասեր են:

Ամենակարևորն այն է, որ մենք ոսկե մեդալ նվաճեցինք ապրիլի 24-ին»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ընթացքում ասաց Սերոբյանը: Վերջինիս խոսքով` միջազգային ֆեդերացիան զգուշացրել է Դավթյանին պարգևատրման ժամանակ անմոռուկ կրելու համար, սակայն նա հպարտությամբ է դա արել:

«Մենք Օլիմպիական խաղերի հանդես կգանք երկու գործիքների վրա էլ` հենացատկեր և նժույգ թափեր: Արթուրը բազմաֆունկցիոնալ մարզիկ է, բայց գործիքների վրա հստակ աշխատանք կատարելուց հետո կմեկնենք Տոկիո»,- ասաց մասնագետը:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր նժույգ թափերի վարժությունում: Նժույգ թափեր վարժության եզրափակիչում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը:

Արթուր Դավթյանը այս վարժությունում ստացավ 14.266 միավոր և դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն: Այս վարժությունում արծաթե մեդալակիր դարձավ Ռուսաստանից Նիկտա Նագորնին, ով հավաքեց 14.266 միավոր, իսկ եռյակը եզրափակեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջո Ֆրասերը` 14.066 միավոր:

Գագիկ Խաչիկյանը դեռ իր խոսքը կասի: