Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, մասնավորապես՝ նախօրեին ադրբեջանական ուժերի հարձակմանը հայկական դիրքի վրա։

«2021 թվականի հուլիսի 28-ի գիշերը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ռազմական բախումներ են տեղի ունեցել, որի արդյունքում հայկական զինված ուժերի 3 զինծառայող զոհվել է, 4-ը՝ վիրավորում ստացել։ Խորագին ցավակցություններս եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- ասվում է կազմակերպության կայքում հրապարակված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ։

«Լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում հետագա էսկալացիայի սրման վտանգը, ինչը կարող է բացասաբար ազդել եռակողմ ձևաչափով համաձայնությունների կատարման վրա, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ։ Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում։ Հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդները։ Ողջունում եմ ՌԴ ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»,- ասվում է Զասի հայտարարության մեջ։

Աղբյուր՝ Factor.am