Հայկ Մարության. Կարգին բլթացնողը

Հայկ Մարության. Կարգին բլթացնողը
Հայկ Մարության. Կարգին բլթացնողը

Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Հայկ Մարությանը երեկ փայլատակել է: Ընտրություններին մասնակցող այս երիտասարդն ասել է՝ մեր դեմ խաղ չկա: Հարցն էլ հենց այն է, որ գիտենք՝ խաղ չկա, որովհետև մի ամբողջ ՀՀԿ է ճանապարհվել էն աշխարհ: Խաղ չկա, այսինքն՝ ՀՀԿ-ի վերադարձ չի՞ լինելու: Ո՞վ չգիտի:

Դարձյա՞լ մտերմիկ ոճ: Սա ի՞նչ է՝ լեգիտիմացնում եք ժամանակին ժողովրդին ափերից հանող այս ձևակերպո՞ւմը: Վաղն էլ գուցե «թարս խիյարի՞ն» կամ «իյա, իրոք»-ի՞ն լեգիտիմության այցեքարտեր տաք: Բայց խնդիրն այն է, որ այդ արտահայտությունը ՀՀԿ-ին չի ուղղված:

Ավագանու ընտրություններին մասնակցում է մի քանի քաղաքական ուժ: Հենց նրանց հանդեպ հարգանքից ելնելով ՔՊ-ի ինտելեկտուալը չպետք է իրեն այդպիսի ձևակերպում թույլ տար: Որովհետև նրանք այսպես թե այնպես գիտեն ՔՊ-ի հանդեպ իրենց համեստ դիրքերը:

Դու ինչո՞ւ ես «երկրորդ լիգայում» խաղացողին հիշեցնում, որ ինքը հաղթելու ոչ մի շանս չունի: ՀՀԿ-ի պատճառով այսօր բոլոր մյուս քաղաքական ուժերը պետք է դառնան ծիծաղի առարկա՞: Իսկ եթե այդ խոսքն ուղղված է ՀՀԿ-ին, դա մոտավորապես նույնն է, որ դիակի վրա սուր ճոճես:

Ինչո՞ւ:

Որ իրեն ավելի մեռա՞ծ զգա: Թե՞ Կարգին Հայկոյի թիրախը գնացքից այնպիսի մի ուշացած գործիչ է, ինչպիսին Ռոբերտ Քոչարյանն է: Բայց հարցն էլ հենց այն է, որ նա ասում է՝ մեր թիմն ուժեղ է, «նույնիսկ կարող եմ ասել՝ մեր դեմ խաղ չկա»: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ ավագանու ընտրությունների և նրան մասնակցելու հավակնությունների կամ իմաստի մասին:

Կարգին Հայկոն ժողովրդից ոչինչ չի հասկանում, նա ոչինչ չի հասկանում նաև քաղաքականությունից: Բայց նա ինքն իրենից էլ ոչինչ չի հասկանում: Այսօր նա ասում է, որ իրենց դեմ խաղ չկա, վաղն ուղղակի կփայլի մտերմիկ մուննաթի հավաքածուով, որովհետև մարդը, որը կարծում է, որ իր կամ իր քաղաքական ուժի դեմ խաղ չկա, մի օր անկեղծորեն կզարմանա, եթե տեսնի, որ իր աշխատանքի ռիթմն ու ժողովրդի սպասումներն իրար հետ չեն խոսում: Որովհետև ինքն էր, չէ՞, ասում, որ իրենց դեմ խաղ չկա:

Սա գիծ քաշել է ժողովրդի սպասումների և իր անփոխարինելիության միջև: Դրանցից մեկը, ի վերջո, իր մասին պետք է հայտարարի ամբողջ ձայնով: Մյուսը զիջելու է: Որովհետև վիճակը նետված է՝ Կարգին Հայկոյի դեմ խաղ չկա:

Բայց, ներողություն, քաղաքական պայքարում պետք է լինեն «խաղեր տվողներ»: «Սիրո և համերաշխության» ամբողջ էությունն է բղավում «մեր դեմ խաղ չկա» արտահայտության դեմ: Այսինքն՝ մյուսներն ի՞նչ անեն՝ դու՞րս գան պայքարից:

«Մեր դեմ խաղ չկա». այսինքն՝ բոլորը պետք է իմանա՞ն իրենց տեղը:

Ձեր դեմ խաղ չկար, երբ ամբողջ ազգը մերժում էր Սերժին: Եվ, ի դեպ, չէի ասի, թե ազգի շուրթերից այդ ամբողջ ընթացքում այսպիսի սպառնալից բառեր հնչեցին, մարդիկ պարզապես ոտքի կանգնեցին և, մի փողոցում ոստիկաններին գրկելով, մյուս փողոցում փողոցներ փակելով, երրորդում պարզապես պարելով, չորրորդում պայքարի փիլիսոփայությունը խաղաղ բառերով ձևակերպելով հասան հաղթանակի: Ամբողջ ՀՀԿ-ն իրականության զգացումը կորցրածի միայն իրեն բնորոշ անհանգստությամբ հասկացավ, որ այսպիսի հոսանքի դեմ խաղ չկա: Հիմա մութ ուժեր եք գտնում, որպեսզի ՔՊ-ին քվե չտվողն իրեն հեղափոխության միջավայրից դուրս շպրտվա՞ծ զգա:

Հայկն արագ է կորցնում իրականության զգացումը: Եվ նրա խոսքում շարժումն ապականելու դիտավորություն չկա: Նա իսկապես մտածում է, որ իր և իր թիմի դեմ խաղ չկա: Պարզապես չգիտի, որ էդ խաղն էս ժողովուրդը խաղացել է: Հիմա ինքն ուզում է, որ իր առաջնորդները գործի անցնեն և, ամենակարևորը, չբլթացնեն:

Մհեր Արշակյան

MediaLab.am