Երևանում կկառուցվի մի շարք վարչական շրջաններ միմյանց կապող նոր ճանապարհ

Երևանում նախատեսվում է կառուցել ճանապարհ, որը միմյանց կկապի Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններ։ Այդ նպատակով կառավարությունը 60 միլիոն դրամի վարկ կվերցնի Ասիական զարգացման բանկից։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության հունվարի 18-ի նիստում Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 27-ին՝ 60 միլիոն 90 հազար եվրոյի չափով։

«Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններ՝ իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր և նվազեցնելով խցանումները։

Այս ճանապարհահատվածը կհանդիսանա Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունը։ Հիմնական ճանապարհի երկարությունը 1,9 կիլոմետր է՝ իջատեղերով և երկրորդային ճանապարհներով կկազմի 6,6 կիլոմետր։ Ճանապարհը հիմնականում բաղկացած կլինի 6 երթևեկելի գոտուց։

Նշեմ, որ աշխատանքները ներառելու են Իսակով պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերի կառուցումը, որով կապահովվի մուտքը Նորագյուղ թաղամաս, Հրազդան գետի վրա կկառուցվի երկաթբետոնյա հեծաններով կամուրջ, Արշակունյաց պողոտայում կկառուցվի շրջանաձև երթևեկության ճանապարհային հանգույց՝ թունելային անցմամբ»,- ասաց Ղալեչյանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ ծրագիրը նախատեսված է ավարտել 2027 թվականին, այն կիրականացվի Երևանի քաղաքապետարանի կողմից։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ընդգծել է, որ Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցումը բավականին երկար ժամանակ քննարկված, բոլոր ուսումնասիրությունները անցած նախագիծ է, որը էականորեն կբեռնաթափի ավտոճանապարհային երթևեկությունը տվյալ հատվածում։ Մասնավորապես՝ Հաղթանակի կամուրջը որոշակիորեն կբեռնաթափվի և Մոնթե Մելքոնյան ճանապարհը ուղիղ կկապվի Արշակունյաց պողոտայի հետ։

«Ուզում եմ շեշտել, որ այս ճանապարհի կառուցումը շատ կարևոր է մեկ այլ՝ ավելի մեծ նախագծի տեսանկյունից։ Դա Նորագյուղի և հարակից տարածքների նոր թաղամասի կառուցման նախագիծն է, որի վերաբերյալ արդեն մի քանի օտարերկրյա հայտնի ճարտարապետների հետ քննարկումներ ենք իրականացնում և նախագծի նախապատրաստման աշխատանքն ենք իրականացնում»,- ասաց Երևանի քաղաքապետը։

«Վստահաբար, ճանապարհի կառուցմանը զուգահետ ունենալու ենք հայեցակարգ Նորագյուղ թաղամասի կառուցման, որը կներկայացնենք և՛ կառավարությանը, և՛ հանրությանը»,- եզրափակեց Ավինյանը։