Սերգեյ Լավրովի՝ Արցախի մասին հայտարարությունները ծանր ապտակ են՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին․ Ստյոպա Սաֆարյան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Արցախի մասին Երևանում արված հայտարարություններն այս շրջանում ծանր ապտակ են՝ ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, և Ռուսաստանը վերանայում է իր դիրքորոշումը ՀՀ նոր իշխանությունների նկատմամբ։ 

«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին։

Հիշեցնենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Սերգեյ Լավրովն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ։ 

Լավրովն ասել է, որ հրադադարի ռեժիմի պայմանագրի կնքման ժամանակ Արցախը բանակցային կողմ էր, բայց «ինչ-որ փուլում, Հայաստանի նախկին ղեկավարությունը, Հայաստանի նախկին նախագահներից մեկը որոշել է, որ Երևանը պետք է ներկայացնի Ղարաբաղի շահերը բանակցություններում»։

Լավրովը նաև ասել է, որ «Բոլորի համար պարզ է, որ առանց Ղարաբաղի ու Ղարաբաղի ժողովրդի համաձայնության հնարավոր չէ ձևակերպել որևէ պայմանավորվածություն, Հայաստանն ուղղակի դա չի ստորագրի: 

«Հենց դրանով էլ մենք առաջնորդվում ենք: Ես ուզում եմ ընդգծել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ վերջնական համաձայնությունը պետք է բխի Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի շահերից: Դրա հետ շատ դժվար է վիճել»,- ասել է Լավրովը։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ Արցախը բանակցություններից դուրս թողնելու մասին Լավրովն ընդամենն ասել է իրականությունը։ «Լավրովն իրերը կոչել է իրենց անունով, և դա այնպիսի փաստ է, որ ո՛չ կարող ես հանրությունից թաքցնել, ո՛չ էլ կեղծել։ Մենք գիտենք, որ հենց Ռոբերտ Քոչարյանն է այդ հայտարարությունն արել, որ ճիշտը Հայաստանի ու Արցախի անունից մեկ բանակցող ունենալն է»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ դա այս շրջանում ծանր ապտակ է Ռոբերտ Քոչարյանին, ում փորձում են ներկայացնել որպես ՀՀ արտաքին քաղաքականության մեջ հրաշագործ, իսկ իրականում Քոչարյանը խայտառակ վնաս է պատճառել։

«Լավրովի հայտարարությունը նախևառաջ վերահաստատում է ՀՀ նոր իշխանությունների տեսակետը։ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմնակիցները հայտարարում էին, թե Նիկոլ Փաշինյանը Արցախի հետ կապված խայտառակ դիրքորոշումներ ունի։ 

Բայց իրականում Լավրովի հայտարարությունները ցույց են տալիս, որ միջազգային հանրությունն էլ առարկություն չունի։ Ընդ որում, եկեք ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններից հետո մենք ոչ մի արձագանք չենք ստացել Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից։ Միայն Մարիա Զախարովայի հայտնի մեկնաբանությունն էր ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցի, և Լավրովի՝ «Վալդայ» ակումբում ունեցած ելույթը, որն այսօր Լավրովը խմբագրեց»,- հավելում է Սաֆարյանը։

Այսինքն, ըստ քաղաքագետի, Լավրովն ինքը հասկացել է, որ ակնհայտորեն խնդիր է ստեղծում և՛ բանակցությունների համար, և՛ վատ վիճակ է ստեղծում է հենց Ռուսաստանի համար։

Մյուս համանախագահող երկրները կարծես թե առարկություն չունեն և չեն էլ կարող ունենալ այս հարցի վերաբերյալ, որովհետև Նիկոլ Փաշինյանի ասածը, ըստ Սաֆարյանի, այն է, ինչ ամրագրվել է 1992 թվականին՝ Մինսկի խաղաղ գործընթացի հիմնադրման օրից։

«Հետևաբար, Լավրովն ինքը խմբագրեց իր վրիպումը, և այդ խմբագրումը ստացվեց նաև աջակցություն Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման ու նաև ջախջախեց նախկին իշխանությունների փաստարկները»,- ասում է Սաֆարյանը։

Այն, որ ՌԴ ԱԳ նախարարն ասում է, որ առանց Ղարաբաղի ու Ղարաբաղի ժողովրդի ոչ մի համաձայնության հնարավոր չէ գալ, Հայաստանն ուղղակի դա չի ստորագրի, Ստյոպա Սաֆարյանի խոսքով, նոր ուղերձ է Ռուսաստանի կողմից։ 

«Դա հայկական կողմի դիրքորոշումն է։ Լավրովը, ըստ էության, խմբագրելով իրեն, բացահայտ կրկնեց Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը»,- հավելում է Սաֆարյանը։ 

Անդրադառնալով հարցին, թե ի՛նչ փոփոխություն է կատարվել Արցախի հիմնախնդրի հարցում Ռուսաստանի դիրքորոշման մեջ, Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ Ռուսաստանը հասկացավ, որ այլընտրանք չունի, քան Հայաստանի իշխանությունների հետ աշխատելը։

«Եթե նախկինում փորձում էին համոզել Ռուսաստանի իշխանություններին, որ՝ սպասեք, հեսա կտապալվեն նոր իշխանությունները, մենք կվերադառնանք և այլն, այդ ամբողջ «աշխատանքը» ջուրը լցվեց։ Եվ Ռուսաստանը հասկացավ, որ ավելի լավ է գործ ունենա ժողովրդի աջակցությունն ու վստահությունը վայելող իշխանության հետ և Ռուբերտ Քոչարյանի կամ որևէ այլ մեկի խնդիրը չդարձնի հայ-ռուսական հարաբերություններում որպես խոչընդոտ»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am