Էկոնոմիկայի փոխնախարարը ծանոթացել է «Բարի Կաթնամթերք» ՍՊԸ գործունեությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, նախարարության Պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանի ուղեկցությամբ, այցելել է «Բարի Կաթնամթերք» ՍՊԸ՝ ծանոթանալու ընկերության գործունեությանը։

Ընկերության ղեկավարության և մասնագետների հետ Արման Խոջոյանը շրջել է կաթնամթերքի արտադամասի տարածքով, հետևել արտադրական ընթացքին։ Փոխնախարարին են ներկայացվել ընկերության լաբորատորիաները, սառնարանային սենյակները, վերջերս ձեռք բերված ժամանակակից սարքավորումները։ Զրույց է ծավալվել ընկերության ներկայիս գործունեության, առաջիկա ծրագրերի և խնդիրների մասին։

«Բարի Կաթնամթերք» ընկերությունը 2020 թվականին մուտք է գործել հայկական շուկա իր նոր կաթնամթերքի տեսականիով։  Կաթնամթերքի արտադրության համար օգտագործվում է բացառապես էկոլոգիապես մաքուր, անարատ կաթը։  Ընկերությունում, որն այժմ ունի 40-ից ավել աշխատակիցներ, չափազանց կարևորում են սպառողի համար բնական հումքից պատրաստված, սննդարար և օգտակար արտադրանքի  թողարկումը։

Ընկերությունը նախատեսում է առաջիկայում մեկնարկել նաև պանրի արտադրություն, մտադրություն կա արտադրել շուրջ 22 տեսակի պանիր։ Պանրի արտադրամասի գործարկումից հետո ընկերությունը նախատեսում է համալրվել ևս 30 աշխատակիցներով։ 

«Ինձ համար շատ կարևոր է տեսնել, որ ոչ միայն ներդրվում են նոր՝  ժամանակակից և առաջադեմ սարքավորումներ և տեխնոլոգիաներ, այլև, որ կիրառվում են սննդի անվտանգության միջազգայնորեն ճանաչված ստանդարտներ։  Մենք պետք է միասին հասնենք բարձրորակ արտադրանքի, և անհրաժեշտ է, որ բոլորը գիտակցեն, թե որքան կարևոր է ունենալ բարձրորակ արտադրանք․ թե՛ ֆերմերները, որ մատակարարեն որակյալ կաթ, և թե՛ վերամշակողները, որ կարողանան օգտագործել որակյալ հումք և արտադրել որակյալ արտադրանք։

Ոգևորող է տեսնել, որ 2020 թվականին հիմնվել է կաթի վերամշակման գործարան, որտեղ ներդվել են համաշխարհային առաջատար կազմակերպությունների տեխնոլոգիաները, միևնույն ժամանակ հատկանշական է, որ հաջողության հասնելու գրավականը նման բիզնես մշակույթի ձևավորումն ու զարգացումն է», – ասել է Արման Խոջոյանը։ Փոխնախարարը հիշեցրել է նաև գործող պետական օժանդակության ծրագրերի մասին, մանրամասնել դրանց պայմանները և օգտվելու հնարավորությունները։   

«Բարի Կաթնամթերք» ՍՊԸ-ն աշխատում է գյուղացիների և ֆերմերային տնտեսությունների  հետ և մթերում է մոտ 115,0 հազար լիտր կաթ` աջակցելով գյուղացուն և խթանելով գյուղատնտեսությունը։ Ընկերությունը ներկայումս օգտագործում է իր արտադրական հզորությունների 25%-ը։ Հաշվի առնելով կաթնամթերքի արտադրանքի նկատմամբ կայուն պահանջարկը` ընկերությունը պլանավորում է ավելացնել արտադրանքի ծավալներն ու տեսականին։