Երևանում կկայանա երթ՝ ի նշան Արդբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դեմ բողոքի

Երևանի կենտրոնում նոյեմբերի 29-ին կազմակերպվելու է երթ՝ ի նշան Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դեմ բողոքի։ Այդ մասին տեղեկացնում է հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը։

Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է․

«Սիրելի բարեկամներ,Ես ուզում եմ ձեր ուշադրությունը կենտրոնացրել այսօրվա ամենացավոտ, ամենածանր ու ողբերգական ու դեռեւս արժանի ուշադրության չարժանացած՝ հայ ռազմագերիների փոխանակման խնդրի վրա։

Համացանցում տեղադրված նյութերից պարզ երեւում է, թե ինչ վերաբերմունքի են արժանանում նրանք գերության մեջ՝անմարդկային խոշտանգումներ, նվաստացումներ…

Ադրբեջանական կողմն ամեն կերպ խոչնդոտելով, ձգձգում է փոխանակման գործընթացը, մյուս կողմից էլ, խախտելով հրադադարի պայմանավորվածությունը, դարանակալելով, խաղաղություն հաստատված տարածքներում, շարունակում է հայ մարդկանց գերեւարել, ոչ միայն զինվորների, այլ նաեւ խաղաղ քաղաքացիական բնակչության մեջ։

Խնդրում եմ միանալ մեզ եւ բողոքի ձայն բարձրացնել աշխարհի բոլոր երկրներում, միջազգային բոլոր կազմակերպություններում այս հարցի շուտափույթ կարգավորման համար։Հիշեք, որ ամեն օրը, ամեն ժամը կարեւոր է։

Մեր զավակների կյանքն է վտանգված։Վաղը՝ նոյեմբերի 29 ին խաղաղ երթ է կազմակերպվում Երեւանի օպերայի հրապարակից դեպի օտարերկրյա դեսպանատներ։Միացեք մեզ»։