ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում սպանության փորձի դեպքի առթիվ քննվող քրեական գործով հետախուզվող անձն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. փետրվարի 21-ին Երևան քաղաքի Աէրացիա թաղամասում առերևույթ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից առերևույթ դիտավորությամբ կրակոցներ էր արձակել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայում գտնվող քաղաքացու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ գնդակները դիպել են ավտոմեքենայի տարբեր հատվածներին:
Դեպքի վայրի զննությամբ «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վրա հայտնաբերվել էին հրազենային բազմաթիվ վնասվածքներ, գնդակներ:
Քննությամբ պարզվել էր քաղաքացու ուղղությամբ հրազենից կրակոցներ արձակած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի 34-ամյա բնակիչ, որի բնակարանում, օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ, հայտնաբերվել էին կանեփի աճեցված բույսեր:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ նրան ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և լրացվել. նրան մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի (շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը) 1-ին մասով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 34-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին