«Լուսավոր Հայաստան»-ի համերաշխության օրակարգը հասանելի է դառնում լայն շրջանակների. Անի Սամսոնյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները հունիսի 12-ին քաղաքացիների հետ հանդիպումներ են անցկացնում Երևանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը ներկայացնող Գևորգ Գեորգիսյանը նշեց, որ քվեարկելով իրենց կուսակցության օգտին, դա նշանակում է քվեարկել հանուն համերաշխության, հանուն այն բոլոր անելիքների, որոնք տեղ են գտել նախընտրական ծրագրում:

«Այդ բոլոր ծրագրերը հնարավոր չի լինի կյանքի կոչել, եթե երկրի ներսում քաղաքական ուժերը շարունակեն ատելություն քարոզել, երկիրը մասնատել: Մեր վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է, ով կարող է համախմբել պրոֆեսիոնալների: Այդ իսկ պատճառով հանուն համերաշխության քվեարկվելը շատ կարևոր է մեր երկրի կայունության ու ապագայի համար»,-ասաց Գևորգ Գեորգիսյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը ներկայացնող Անի Սամսոնյանը նշեց, որ իրենց հասնում են տեղեկություններ այն մասին, որ մի խումբ անձինք մարդկանց հետ անհատական զրույցներում ստեր են տարածում «Լուսավոր Հայաստան»-ի մասին:

«Ասում են՝ «Լուսավոր Հայաստան»-ին ձայն չտաք, որովհետևը խորհրդարան անցնելու սահմանված շեմը չի հաղթահարելու: Ասում են ձայն չտաք, որովհետև օգնելու են ներկա իշխանության վերարտադրման հարցում: Այն շրջանակներում, որտեղ դեմ են Ռոբերտ Քոչարյանին, ասում են, որ «Լուսավոր Հայաստան»-ը նպաստելու է նախկին իշխանությունների վերադարձին: Այս երեք սուտը փաստում է այն մասին, որ «Լուսավոր Հայաստան»-ի համերաշխության, միասնության օրակարգն արդեն հասանելի է դառնում բոլորին: Մարդկանց համար սա ընկալելի է, սա ընդունելի է»,-ասաց Անի Սամսոնյանը:

Նրա խոսքով, դրական տրամադրվածություն կա իրենց ուժի նկատմամբ և դա, կարծես, սպառնալիք է լինում այն մյուս ուժերի համար, որոնք միմյանց հայհոյում են, միմյանց վիրավորում են:

«Մենք մրցակից ենք դառնում որոշ ուժերի համար: Եվ պատահական չէ, որ բարձր կախած մեր պաստառները դիտավորյալ վնասում են, մասնավորապես, Էդմոն Մարուքյանի նկարը: Սա ազդակ է այն մասին, որ մեր նկատմամբ կոնկրետ քայլեր են կատարվում: Մեր օրակարգն այլ է: Մեր օրակարգը միասնությունն է, համերաշխությունը: Մենք տեսնում ենք ազգային համաձայնության կառավարությունը, որը չի ենթադրում մեկին միանալ կամ որևէ մեկին աջակցել: Մենք համախմբելու ենք պրոֆեսիոնալ մարդկանց»,-ասաց Անի Սամսոնյանը: