Սյունիքում Իրանի ներկայության ապահովումը մեսիջ էր թուրք-ադրբեջանական տանդեմին, Ռուսաստանին և Հայաստանին. իրանագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Գարիկ Միսակյանը

– Պարո՛ն Միսակյան, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի աշխատանքային այցը Հայաստան և Ադրբեջան: Ո՞րն էր այցի հիմնական նպատակը:

– Ավելի հստակ գնահատականներ տալու համար պետք է մեկ-երկու օր սպասել, մինչև իրանական լրատվական դաշտում էլ վերլուծական ու տեղեկատվական հոդվածներ ավելի շատ լինեն: 

Եթե ամփոփենք այս պահին եղած տեղեկությունների հիման վրա, պետք է նշեմ, որ Հայաստանում հանդիպումներն ավելի շատ էին, քան Ադրբեջանում, համենայնդեպս, իրանական լրատվամիջոցները լուսաբանեցին միայն Զարիֆի և Ալիևի հանդիպումը: Այսինքն՝ Հայաստանում Զարիֆն ավելի շատ ասելիք ուներ:

Այցի նպատակը, կարծում եմ՝ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին կատարվող իրադարձություններն էին: 

Այս այցով Զարիֆը փորձում է ծանոթանալ և՛ տարածաշրջանի խնդիրներին, և՛ երկու երկրների ղեկավարների դիրքորոշումներին, մասնավորապես, սյունիքյան դեպքերի հետ կապված: 

Զարիֆը նաև նպատակ ուներ, արդեն արտաքին գործերի նախարարի մակարդակում, կողմերին հայտնել Իրանի պաշտոնական դիրքորոշումը՝ ստեղծված իրավիճակի հետ կապված:

– Տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումների հետ կապված՝ Իրանի դիրքորոշումն ո՞րն է, և այս այցերից հետո այդ դիրքորոշումը ինչպե՞ս կդրսևորվի:

– Դեռևս Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում է Իրանը մի քանի անգամ իր դիրքորոշումն արտահայտել, որ ընդհանուր տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը իր համար կարմիր գիծ է, դեմ է արտահայտվել նաև Զանգեզուրի միջանցքի հնարավոր գործարկմանը, անհանգստություններ կան նաև Թուրքիայի ազդեցության աճի մասով: 

Իրանը փորձում է իր ազդեցությունը չզիջել և Ադրբեջանի Հանրապետության տարածքում, և մեծացնել համագործակցությունը Հայաստանում՝ գրեթե բոլոր ոլորտներում՝ փորձելով բալանսավորել ամեն ինչ և թույլ չտալ, որ հայկական շահի հաշվին տարածաշրջանում փոփոխություններ լինեն: 

Դա, բնականաբար, անում է ոչ այնքան հայկական շահի, որքան իրանական աշխարհաքաղաքական շահից ելնելով: Դրանից էլ ելնելով՝ Իրանը փորձում է մեծացնել Հայաստանի հետ համագործակցությունը, նաև Սյունիքի աշխարհաքաղաքական կարևորությունը մեծացնելու առումով: 

Իրանը բոլոր առումներով կաջակցի Սյունիքի հետ կապված՝ հաշվի առնելով Հայաստանի դիրքորոշումը և ըստ այդմ էլ կկողմնորոշվի, թե հայտարարությունների ինչ մակարդակում կաջակցի Հայաստանին:

– Պարո՛ն Միսակյան, Հայաստանի իշխանության վարած քաղաքականությունը Իրանի հետ որքանո՞վ է նպաստում, որ այս իրավիճակում Իրանն աջակցի հայկական կողմին:

– Արցախյան երկրորդ պատերազմից հետո, հասկանալով Իրանի կարևորությունը Հայաստանի համար, և այն, որ տարածաշրջանում, բացի Ռուսաստանից, այլ դաշնակիցներ ևս պետք են, Հայաստանի կառավարությունը, ուղղելով իր սխալները (2018-19 թթ. սառեցում էր նկատվում հայ-իրանական հարաբերություններում), ներկա փուլում որոշակի դինամիկա է նկատվում: 

Հայաստանի շահերից է բխում բոլոր ոլորտներում խորացնել հարաբերությունները Իրանի հետ, քանի որ նույն Սյունիքի մարզը սահմանակից է Իրանին ու այդ մարզի աշխարհաքաղաքական կարևորությունն այն է, որ այն հանդիսանում է Իրան-ԵԱՏՄ ցամաքային միակ սահմանը, Իրանի համար այլընտրանքային՝ ոչ թուրքական տարածքներով տարանցման ուղի դեպի Սև ծով:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը հույս է հայտնել, որ առաջիկայում կկարողանան ակտիվ ներկայություն ապահովել Սյունիքի մարզում, խոսել է նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու և Իրան-Նախիջևան-Հայաստան երկաթգծի առկայության արդյունավետության մասին: Այս երկաթգիծը ի՞նչ կտա Հայաստանին, և արդյո՞ք Սյունիքում ներկայություն ապահովելու մասին Զարիֆի խոսքը մեսիջ էր թուրք-ադրբեջանական տանդեմին:

– Զարիֆի այդ հայտարարությունը կարելի է դիտարկել մեսիջ տարածաշրջանի բոլոր երկրներին՝ Թուրքիային, Ադրբեջանին, Ռուսաստանին ու Հայաստանին:

Սյունիքում Իրանը կփորձի ապահովել տնտեսական ներկայություն, հավանաբար, Հյուսիս-հարավի շինարարության ոլորտում կներգրավվի, Մեղրու ազատ տնտեսական գոտում՝ ապահովելով և՛ իր ներկայությունը տարածաշրջանում, և՛ իր անվտանգ հաղորդակցության ուղիները:

Երկաթգծի թեմայի շոշափումը, կարծում եմ՝ միտված էր նրան, որ վերոնշյալ երկրներին հասկացներ, թե տարածաշրջանի ապաշրջափակումը չի կարող լինել առանց Իրանի կարծիքը հաշվի առնելու, և եթե Զանգեզուրի միջանցքը գործարկվի, ապա պետք է գործարկվի նաև երկաթգիծը, ընդ որում՝ իրանական կողմը կձգտի, որ երկաթգիծը լինի մինչև Զանգեզուրի միջանցքի գործարկումը, եթե լինի այդ միջանցքը:

Ադրբեջանի ներկայությունը Սյունիքում նախևառաջ պետք է չեզոքացնի Հայաստանը՝ օգտագործելով և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի հնարավորությունները: Համագործակցության սահմանները բավական լայն են, և Իրանն ամեն կերպ փորձելու է խանգարել թուրք-ադրբեջանական տարածաշրջանային ուժեղացմանը: 

Ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ Իրանի արտգործնախարարի այցը դրական էր Հայաստանի համար:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am