ՀՀ-ն և ԵՄ-ն հանձնառու են իրենց գործընկերության ամրապնդմանը. կայացել է Մարդու իրավունքների շուրջ երկխոսության նիստը

Հայաստանի Հանրապետությունն ու Եվրոպական միությունը հանձնառու են իրենց գործընկերության ամրապնդմանը՝ առաջ մղելով մարդու իրավունքների շուրջ ձևավորված օրակարգը,  ապահովելով տեսանելի օգուտներ իրենց քաղաքացիների համար, ինչպես նաև կառուցելով ավելի ներառական հասարակություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԵՄ դեսպանությունը՝ ներկայացնելով հունվարի 18-ին տեղի ունեցած Մարդու իրավունքների շուրջ Հայաստանի Հանրապետություն – Եվրոպական միություն երկխոսության 13-րդ նիստի արդյունքները:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս տարվա երկխոսությունն ընդգրկում էր թեմաների լայն շրջանակ, ներառյալ՝ գենդերային  հավասարության, խտրականության բացառման, հավաքների ազատության, արտահայտման և տեղեկատվության ազատության, ընտրական և սահմանադրական բարեփոխումների, փախստականների իրավունքների, ինչպես նաև աշխատանքային իրավունքների ամրապնդման վերաբերյալ հարցեր:

Եվրոպական միությունը շնորհավորել է Հայաստանին  2022 թվականի նոյեմբերին կայացած ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության վերջին նիստից հետո մարդու իրավունքներին առնչվող հարցերի ուղղությամբ արձանագրած առաջընթացի կապակցությամբ, չնայած գոյություն ունեցող բարդ մարդասիրական մարտահրավերներին և անվտանգության բարդ համատեքստին։ Կարևոր ձեռքբերում է  Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի ընդունումը:

Մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության գենդերային նոր ռազմավարության նախագծի և «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ ընթացող աշխատանքների վերաբերյալ։ ԵՄ-ը ողջունել է երեխաների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև աշխատանքի տեսչական համակարգի ամրապնդմանն ուղղված ջանքերը։ Հայաստանը ԵՄ գործընկերներին է ներկայացրել սահմանադրական բարեփոխումների գործընթացը և առաջիկա քայլերը, ինչպես նաև տեղեկացրել ընտրական համակարգի լավարկման հետագա ծրագրերի մասին։

Դրվատելով Հայաստանին առկա դրական զարգացումների առթիվ ՝ ԵՄ-ը նշել է, որ երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը կարիք ունի հետագա բարելավման, մասնավորապես՝ կալանքի պայմանների, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքի վրա բռնության և խտրականության, ընտանեկան բռնության և ատելության խոսքի հետ կապված: Կողմերը քննարկել են նաև իրավապահ համակարգում և զինված ուժերում մարդու իրավունքներին  վերաբերող հարցեր։

Եվրոպական միությունը և Հայաստանը քննարկել են մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին առնչվող հարցերի ուղղությամբ բազմակողմ հարթակներում, մասնավորապես՝ ՄԱԿ, ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի շրջանակներում համագործակցությունը՝ հաստատելով փոխգործակցությունն ամրապնդելու հանձնառությունը: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի Հանրապետության կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումը, ինչպես նաև  Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի 13-րդ արձանագրության վավերացումը, որը վերաբերում է բոլոր հանգամանքներում մահապատժի վերացմանը: ԵՄ-ն հաստատել է իր աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը համապատասխան պետական մարմիններում ՄՔԴ կանոնների և ընթացակարգերի ոլորտում կարողությունների զարգացման գործում:

Հայաստանը Եվրոպական միությանը տեղեկացրել է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական հարձակման և դրան հաջորդած բռնի տեղահանության հումանիտար և մարդու իրավունքների վրա ազդեցության մասին։ Այս համատեքստում կողմերը վերահաստատել են իրենց կողմից նախկինում արտահայտված դիրքորոշումները։ Հայաստանը շեշտել է Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր  ուժ ունեցող որոշումների անհապաղ կատարման կարևորությունը։

Մասնակիցները քննարկել են ավելի քան 100.000 փախստականների հրատապ կարիքները հասցեագրելու  և նրանց սոցիալ-տնտեսական ներառումը դյուրին դարձնելուն ուղղված ջանքերը, որի համար  միջնաժամկետ հեռանկարում զգալի աջակցություն է պահանջվում:

Եվրոպական միությունը հիշեցրել է ԵՄ կողմից մարդասիրական նպատակով տրամադրված 12,2 մլն եվրո աջակցությունը և 15 մլն եվրո բյուջետային աջակցությունը, ինչպես նաև հայտնել երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական դիմակայունության բարձրացմանն  աջակցությունը, այդ թվում՝ մարդու իրավունքների համար  ֆինանսական և տեխնիկական աջակցության միջոցով շարունակելու հանձնառությունը:

ՀՀ պատվիրակությունը գլխավորել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։ ԵՄ պատվիրակությունը գլխավորել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բաժնի ղեկավար տիկին Դորոտա Դլուչի-Սուլիգան: Մարդու իրավունքների շուրջ երկխոսությանը մասնակցել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: