Սաակաշվիլին Փաշինյանին առաջարկում է կրկնել իր ողբերգական ճանապարհը. Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթին ռուսական արձագանքը չուշացավ. թեև անանուն, բայց այն որակվել է «բացարձակ անպատասխանատու ու սադրիչ»: Մոսկվայի արձագանքի վերաբերյալ ձեր դիտարկումներն եմ խնդրում:

– Արձագանքը թեև անանուն է, բայց չմոռանանք, որ տարածվել է ռուսական ՏԱՍՍ պետական գործակալության խողովակներով, ինչն արդեն, առնվազն, կիսապաշտոնական արձագանքի մասին է վկայում: Սա փաստում է, որքան էլ տխուր է խոստովանել, այն վիճակը, որը կա: Իսկապես, Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը շատ նման էր Զելենսկու, Սաակաշվիլու մեսիջներին, ընդ որում՝ այստեղ ողբերգությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հակասում է ինքն իրեն: 

Ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ Հանրայինին տված հարցազրույցի ժամանակ, նա բոլորին հավաստիացնում էր, որ արտաքին վեկտոր չի փոխելու, իսկ երեկ նրա ամբողջ ելույթը հենց արտաքին վեկտոր փոխելու մասին էր: Ընդ որում՝ շատ խորհրդանշական է, որ այդ ելույթից ընդամենը մի քանի ժամ հետո այդ ելույթը զարգացնող թեզեր-կոչով՝ ուղղված Փաշինյանին, հանդես է գալիս Միխեիլ Սաակաշվիլին:

– Իսկ այդ բաց նամակն ինչպե՞ս եք գնահատում:

– Շատ տրամաբանական է, որովհետև Փաշինյանի ելույթից հետո տրամաբանորեն պետք է կատարվեին այն քայլերը, որոնց մասին խոսում է Սաակաշվիլին: Ամբողջ ողբերգությունն այն է, որ դա շատ վտանգավոր ուղի է, որովհետև Հայաստանի ուկրաինացման ճանապարհը դառնալու է մեր պետականության կոլապսը, կամ, առնվազն, ունենալու ենք մի Հայաստան, որը, խիստ կասկածում եմ, որ կարող է պահպանվել 29800 քառակուսի կիլոմետրում: 

Բազմիցս առիթ ունեցել ենք այս թեմայով խոսելու, միևնույն է, իր՝ վեկտորը փոխելու փորձերից մեկուկես տարի հետո էլ ես պնդում եմ, որ մենք Արևմուտքից որևէ անվտանգային առաջարկություն չենք ստացել, որ Արևմուտքը հայտարարություններից այն կողմ չի անցնելու, որ Արևմուտքը պատրաստ չէ բավարարելու մեր ազգային իղձերի չնչին մասն անգամ, ինչպես և Մոսկվան չի բավարարում:

– Պարո՛ն Սուրենյանց, որ ասում եք՝ տրամաբանական կլիներ, որ այդ հայտարարությունից հետո Փաշինյանն աներ այն, ինչ Սաակաշվիլին է ասում, ըստ ձեզ՝ ինչո՞ւ չի անում այդ քայլերը, եթե նման հայտարարություն է անում:

– Ի տարբերություն Սաակաշվիլու ու Զելենսկու՝ Փաշինյանն «իզմ»-եր ու սկզբունքներ չունի, իհարկե, նրանք իրենց երկրները տարել են արկածախնդրության ճանապարհով: Ի վերջո, եթե ցինիզմին շատ տրվենք, պետք է ասել, որ Սաակաշվիլին Փաշինյանին առաջարկում է կրկնել իր ողբերգական ճանապարհը: 

Գալով ձեր բուն հարցին՝ Փաշինյանը մինչև վերջին պահն էլ փորձելու է այսպես մանևրել՝ չհասկանալով, որ դա էլ է շատ վտանգավոր, որովհետև միանգամից մի քանի կենտրոնների մոտ է կորցնում վստահությունը:

– Ի՞նչ նկատի ունեք, որ ասում եք՝ հնարավոր է՝ Հայաստանը անգամ 29800 քառակուսի կիլոմետրը չկարողանա պահել:

– Ձեր հարցին պատասխանելու համար պետք է ասեմ, թե ինչո՛ւ է Նիկոլ Փաշինյանն այս ամենն անում: Այն բանից հետո, երբ Ռուսաստանը մտավ ուկրաինական պատերազմի մեջ, Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի ապրիլին հաշվարկ արեց, ես ժամանակագրությունը հատուկ ուսումնասիրել եմ ու ամբողջովին պատասխանատու եմ իմ ասած ցանկացած նախադասության համար. ուրեմն 2022 թվականի ապրիլի 2-ին կամ 4-ին Ռուսաստանն առաջին անհաջողություններն ունեցավ ուկրաինական պատերազմում, մասնավորապես, զորքերի հետքաշում Կիևի և Խարկովի միջակայքից: Ըստ ամենայնի, Փաշինյանն ու իր շրջապատը շատ մակերեսային հաշվարկ անելով, եկել են եզրակացության, որ Ռուսաստանի ֆիասկոն անխուսափելի է, ժամանակն է «սպիսատ» անել Ռուսաստանին ու միակողմանիորեն խաղալ արևմտյան հարթակներում: 

Հենց այդ փուլում էր, որ Նիկոլ Փաշինյանը անոնսավորեց իր արտաքին քաղաքական ռեվերսը՝ Հայաստանի խորհրդարանում հանդես գալով ԼՂ նշաձողը մի փոքր իջեցնելու մասին հայտարարությամբ: Սա հենց վեկտորի փոփոխության անոնսն էր, որովհետև Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը չէր բխում ռուսական արտաքին քաաքականության տրամաբանությունից: 

Նա սկսեց միակողմանիորեն խաղալ արևմտյան հարթակներում, որի էպոպեան դարձավ Պրահայի տխրահռչակ հայտարարությունը, որով, ըստ էության, վերջ դրեց ղարաբաղյան հակամարտությանը, որովհետև հակամարտության երկու կողմերից մեկը պաշտոնապես ճանաչեց, որ Արցախն Ադրբեջանի մաս է, հետևաբար չկա կոնֆլիկտ: 

Դրանից հետո այն, ինչ կատարվեց Արցախում, տեխնիկայի ու ժամանակի հարց էր, ու ակնհայտ էր, որ դա բերելու էր ողբերգական ավարտի, ինչի մասին շատ ենք խոսել: Փաշինյանն այս ամենը արել էր, որ ինչպես իր թիմը ևս պարբերաբար ասում էր՝ Արցախը տանք, Սյունիքը, Հայաստանը փրկենք: Բայց տեսանք, որ Արցախում տեղի ունեցած փաստացի ցեղասպանությունից հետո «Զանգեզուրի միջանցքի» թեման ոչ միայն չփակվեց, այլև ընդհակառակը: 

Հիմա էլ Հայաստանի իշխանությունը երկրորդ պրովինցիալ բանն է մտածել, որը մոտավորապես արտահայտվել է Էդմոն Մարուքյանի շուրթերով, որ եթե դուրս գանք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, կարող ենք խմբագրել այդ 9-րդ կետը: Սա ևս մեծ մոլորություն է, որովհետև պարտված ու թույլ երկրները չեն կարող իրենց շռայլություն թույլ տալ՝ դուրս գալ անգամ փաստացի չգործող հայտարարությունից: 

Եթե անգամ տեսականորեն ընդունենք, որ նոյեմբերի 9-ի ստատուս քվոյին փոխարինելու է մեկ այլ ստատուս քվո, ապա նոյեմբերի 9-ի պարտավորությունների քեյսն ավտոմատ տեղափոխվելու է նոր ստատուս քվո, որովհետև նոյեմբերի 9-ը ստորագրած սուբյեկտներից Ռուսաստանն ու Ադրբեջանը պնդում են այդ կետի անհրաժեշտությունը: 

Իմ մոտեցումն այն է, որ այդ կետի քննարկումից ոչ թե պետք է փախչել, այլ գնալ, մասնակցել ու գտնել լուծում, որը մի կողմից կկանխի պատերազմը, մյուս կողմից՝ պակաս ռիսկեր կստեղծի Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության համար, որովհետև այդ չարաբաստիկ կետը մանևրելու առիթ տալիս է: 

Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի այսպես եվրոպաներում, արևմուտքներում փրկիչներ փնտրել ու այս հարցի շուրջ չբանակցի Ռուսաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, ստանալու ենք շատ ավելի ողբերգական լուծում, քան նկարագրված է 9-րդ կետով, էլ չեմ խոսում մարդկային զոհերի մասին: 

Ի դեպ՝ ուզում եմ մի ցավալի փաստ հիշեցնել. սրանից 103 տարի առաջ՝ 1920 թվականի օգոստոսի 10-ը, ոչ միայն Սևրի դաշնագիր երազախաբության օրն է, այլ նաև մեկ այլ փաստաթղթի: Սովետական Ռուսաստանի ներկայացուցիչ Լեգրանը Հայաստանի առաջին հանրապետության ներկայացուցիչների հետ Թիֆլիս քաղաքում կնքել է հայ-ռուսական զինադադար, որի համաձայն Զանգեզուրի, Ղարաբաղի ու Նախիջևանի պատկանելությունը ժամանակավորապես անցել է Ռուսաստանին: Հասկացա՞ք՝ ինչո՛ւ է Ռուսաստանը Սյունիքի մասով այդքան զգայուն, ու ինչու է Սյունիքով երբեմն սպառնում Հայաստանին, այսինքն՝ եթե մենք արտաքին քաղաքական չմտածված ռեվերս անենք, կասկած չունենաք, որ Մոսկվայում հիշելու են այս թղթերի մասին: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am